Երևանում քաղաքացին կացինը նետել է շտապօգնության բժշկի ուղղությամբ
Երևանում քաղաքացին կացնով հարձակվել է շտապօգնության բժիշկների վրա: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 26-ին Արարատյան փողոցում։
«Նշված փողոցից կանչ է եղել, ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանի խումբը։ Փորձել են օգնություն ցուցաբերել պացիենտին, բայց նա, ակնհայտորեն գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինչ-որ արտահայտություններ է արել ու կացինը նետել է իրեն օգնելու համար ժամանած 26-ամյա բժշկի ուղղությամբ»,– գրում է կայքը:
Իրավապահները վնասազերծել են նրան ու տեղափոխել ոստիկանության Շենգավիթի բաժին։
Ավելի ուշ կասկածյալին տարել են դեպքի վայր, որտեղ նա պատմել է, թե ինչ գործողություններ է կատարել: Պարզվել է, որ կոտրել է սանհանգույցի դուռը, ապակիները։ Կացինը դեպքի վայրում չի հայտնաբերվել։
Քննիչի բացատրական աշխատանքների շնորհիվ նրա հարազատը ներկայացրել է կացինը ու հայտնել, որ ինքն է այն տարել դեպքի վայրից։
Sputnik Արմենիա