Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ԱՆԱՐԳԱՆՔ Է ՀԵՐՈՍՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀՀԿ-ի նախաձեռնած Մեծ Հաղթանակի 80-ամյակի հայտարարության մերժումը անարգանք է նացիզմը հաղթած հերոսների նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիրը» դեմ արտահայտվեց ՀՀԿ պատգամավորների՝ «Հայրենական մեծ պատերազմի 80–ամյակի առիթով» հայտարարության նախագծին, որը ներկայացրել էր «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Նախագիծը չընդգրկվեց Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում 27 կողմ, 54 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։

«Սրանք նույնիսկ հարցի քննարկումից են խուսափում խորհրդարանում, բայց իրենց ղեկավարած ռեժիմն անվանում են «ժողովրդավարության բաստիոն»։ Ժողովրդավարությունը նախևառաջ բազմակարծություն է և հարցերի բաց քննարկում, որից նիկոլիստները խուսափեցին»,- գրում է Շարմազանովը։

Նրա կարծիքով՝ ՔՊ-ականները նեղսրտել են, որ հայտարարության մեջ չի փառաբանվել Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դերը։

ՀՀԿ-ական քաղաքական գործիչն ընդգծում է՝ նման պնդումը աբսուրդ է, քանի որ հայտարարությունը «Հայրենական մեծ պատերազմի 80-ամյա հաղթանակի», այլ ոչ Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 80-ամյակի առիթով է։ Հավելում է՝ անհերքելի է, որ Հայրենականում հաղթանակը ԽՍՀՄ ու Խորհրդային Հայաստանի հաղթանակն է։

«Պնդում եմ , որ ֆաշիզմի դեմ հաղթանակի հասնելու համար Խորհրդային Միությունը շատ թանկ գին է վճարել՝ 27 մլն մարդկային կյանքեր։ Առանց Ստալինգրադի ու Կուրսկի հաղթական ճակատամարտերի, Մոսկվայի ու Լենինգրադի հերոսական պաշտպանության անհնար էր նացիզմի դեմ հաղթանակը»,- նշում է Շարմազանովը՝ ընդգծելով հայերի անառարկելի դերն այս հաղթանակի կերտման ճանապարհին։

Քաղաքական գործիչն անդրադառնում է նաև լենդ-լիզին (Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ–ից դաշնակից հակահիտլերյան կոալիցիայի երկրներին վարձակալությամբ կամ փոխարինաբար սպառազինություն, զինամթերք, ստրատեգիական հումք, մթերքներ և այլ ապրանքներ տալու համակարգ): Հիշեցնում է, որ դրա շուրջ 80 տոկոսը տրվել է ԽՍՀՄ-ին միայն 1943-ին, երբ արդեն ակնհայտ էր դարձել նացիզմի պարտությունը, իսկ լենդ-լիզն էլ փաստացի պարտքով տրված օգնություն էր, որի մարումը ԽՍՀՄ-ի, իսկ այնուհետև ՌԴ-ի կողմից շարունակվել է մինչև 2006 թվականը։

Շարմազանովը շեշտում է՝ անթույլատրելի է կեղծել պատմությունն ու անարգել նացիզմը հաղթած հերոսների հիշատակը։

Sputnik Արմենիա