Ռոբերտ Քոչարյան․ Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելն անհնար է

Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելն անհնար է և վտանգավոր այդ փորձը կատարողների համար։ Այս մասին Հանրապետության տոնին նվիրված ուղերձում նշել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Սարդարապատի՝ միասնության և կազմակերպվածության օրինակը, վստահ եմ, մեզ դեռ ոգեշնչելու է դուրս գալ այս հուսահատությունից, շենացնել, հզորացնել մեր երկիրը, վերականգնել մեր արժանապատվությունը»,– ընդգծել է նա։

Նշենք, որ ՀՀ 2–րդ նախագահի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հուշահամալիրում։

Հիշեցնենք` 1918 թվականի փետրվարին թուրքերը, օգտվելով այն հանգամանքից, որ ռուսական բանակը հեռացել էր Կովկասյան ճակատից (Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը դուրս եկավ առաջին համաշխարհային պատերազմից– խմբ.), անցան հարձակման՝ ձգտելով գրավել Արևմտյան և Արևելյան Հայաստանը։ Նրանք մտան Երզնկա, Էրզրում, Սարիղամիշ, Կարս, իսկ մայիսի 15–ին գրավեցին Ալեքսանդրապոլը (այժմ ՝ Գյումրի)։

Ալեքսանդրապոլից թուրքական զորքերի մի մասը շարժվեց Ղարաքիլիսայի ուղղությամբ, մեկ դիվիզիա էլ ձգտում էր Երևան հասնել Բաշ-Ապարանի կողմից, իսկ հակառակորդի հիմնական ուժերը հարձակում սկսեցին Սարդարապատի ուղղությամբ։ Մայիսի 21-ից 28-ն ընկած ժամանակահատվածում թուրքական զորքերը ջախջախվեցին։

Մայիսի 28-ին նշվում է Հանրապետության տոնը։ Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին ու գոյություն ունեցավ մինչև 1920 թվականը։

Sputnik Արմենիա