Ալեքսեյ Օվերչուկ․ Ռուսաստանը կցանկանար ընդլայնել ԵԱՏՄ-ն
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան կցանկանար ընդլայնել Եվրասիական տնտեսական միությունը՝ նախևառաջ ներառելով այն երկրները, որտեղից գալիս են ամենամեծ թվով միգրանտներ՝ աշխատանքային միգրացիայի սահմանափակումների բացակայության պատճառով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՌԴ փոխվարչապետի հայտարարությունը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցից։
«Ժողովրդագրական իրավիճակն, աշխատուժի պահանջարկը և դրա արժեքը այնպիսին են, որ տնտեսությունը զարգացնելու և գնաճը զսպելու համար անհրաժեշտ է ներգրավել աշխատանքային միգրանտների», - ասել է Օվերչուկը։
Վերջինս հստակեցրել է, որ խնդրի մի մասը կարող է լուծվել առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման և արտադրողականության բարձրացման միջոցով, սակայն դա երկարաժամկետ լուծում է, որը պահանջում է ներդրումներ, ինչը հատկապես թանկ է այսօր։
«ԵԱՏՄ օրենքը նպաստում է երկրների միջև աշխատուժի տեղաշարժի հետ կապված լարվածության որոշակի մեղմացմանը։ Այն թույլ է տալիս իրենց երկրներից դուրս աշխատող՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի քաղաքացիներին օգտվել նույն իրավունքներից, ինչ այն երկրի քաղաքացիները, որտեղ նրանք աշխատում են»,-շեշտել է ՌԴ փոխվարչապետը։
Օվերչուկը մատնանշել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքի տարբերությունների բացակայությունը ստեղծում է ավելի լավ պայմաններ այդ մարդկանց մեր հասարակություն ինտեգրման համար, ազդում է նրանց կյանքի որակի վրա, նրանց վստահ է դարձնում իրենց իրավունքների նկատմամբ, ավելի քիչ կախված է սփյուռքից և մեծապես խոչընդոտում է աշխատանքային միգրացիայի հետ կապված հանցագործությանը։
«Սա մեծապես բացատրում է, թե ինչու մենք կցանկանայինք ընդլայնել ԵԱՏՄ-ն այն երկրների հաշվին, որոնք մեզ ուղարկում են ամենամեծ թվով աշխատանքային միգրանտներ», - բացատրել է Ալեքսեյ Օվերչուկը։