Հայաստանը մասնակցում է ՌԴ-ում ԵԱԽ լիագումար շաբաթին

Հայաստանը մասնակցում է Հանցավոր եկամուտների օրինականացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու Եվրասիական խմբի լիագումար շաբաթին։ Տեղեկությունը հայտնում է խմբի մամուլի ծառայությունը:

Միջոցառումն ընթանում է մայիսի 26-ից 30-ը Մոսկվայում: Խմբի բուն կազմում 9 պետություն է՝ Բելառուսը, Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։

Եվս 17 պետություն, այդ թվում՝ Հայաստանը, և 24 միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններ դիտորդի կարգավիճակ ունեն:

Մասնակիցների թվում են կառավարության, ՌԴ Դաշնության խորհրդի, Ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայության, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների, մասնավոր հատվածի, Եվրասիական տարածաշրջանի երկրների փորձագիտական և գիտական շրջանակների, ինչպես նաև դիտորդ երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումներին մասնակցում են ավելի քան 200 պատվիրակներ ավելի քան 15 երկրից և 20 միջազգային կազմակերպությունից:

Շաբաթվա միջոցառումների մասնակիցները քննարկում են հանցավոր եկամուտների օրինականացման դեմ օրենսդրական միջոցառումները և ակտիվների վերադարձման հնարավորությունը` որպես կազմակերպված հանցավորության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործիք։

Sputnik Արմենիա