Լավրով. Պատրաստ ենք հունիսի 2-ին Ստամբուլում բանակցությունների 2-րդ փուլ անցկացնել
Ռուսական կողմը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների 2-րդ փուլ անցկացնել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ նախագահի օգնական, Ստամբուլում կայացած բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանն Ուկրաինային հանդիպման հստակ օր ու վայր է առաջարկել հուշագրերի փոխանակման համար։
«Ռուսական կողմը, ինչպես և պայմանավորվել էինք, օպերատիվ կերպով մշակել է համապատասխան հուշագիր, որը ներկայացնում է մեր դիրքորոշումը ճգնաժամի արմատական պատճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ։ Մեր պատվիրակությունը՝ Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ, պատրաստ է այս հուշագիրը ներկայացնել Ուկրաինայի պատվիրակությանը և անհրաժեշտ պարզաբանումներ տալ առաջիկա երկուշաբթի՝ հունիսի 2-ին, Ստամբուլում վերսկսված ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում»,– նշել է լավրովը:
ՌԴ արտգործնախարարը հույս է հայտնել, որ բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն հետաքրքրված են խաղաղ գործընթացի հաջողությամբ, կաջակցեն ստամբուլյան ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների նոր փուլի անցկացմանը։
Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ Մոսկվան և Կիևը կպատրաստեն փաստաթղթեր, որոնք կներկայացնեն կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը կայուն կարգավորման հասնելու համար։
Նշենք, որ Ստամբուլում ձեռք բերված մեկ այլ պայմանավորվածության համաձայն՝ արդեն իսկ իրականացվել է գերիների փոխանակում «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով։
Sputnik Արմենիա