Պտտահողմ ու խոշոր կարկուտ Արթիկ համայնքում. վնասը հաշվելու համար հանձնաժողով կստեղծվի
Շիրակի մարզի Արթիկ համայնքում այսօր ուժեղ պտտահողմ է եղել և խոշոր չափերի կարկուտ տեղացել։ Տեղեկությունը հայտնում է Արթիկի համայնքապետարանը։
«Ժամը 16:30-ի սահմաններում տեղի ունեցած ուժեղ պտտահողմն Արթիկ քաղաքի Բաբաջանյան փողոցում վնասել է տանիքներ, արմատախիլ է արել ծառեր։ Կարկուտի պատճառով Արթիկ համայնքի Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ գյուղերում և մասամբ նաև Գեղանիստում վնասվել են մրգատու այգիներ, հացահատիկային կուլտուրաների ցանքատարածություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է ձևավորվել, որն այժմ տեղում ուսումնասիրում է պտտահողմի և կարկուտի պատճառած նախնական վնասները։
Համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծվելու է հանձնաժողով` վնասի չափերն ուսումնասիրելու նպատակով։
Sputnik Արմենիա