Միգուցե երկրի ղեկավարը հանկարծ որոշի նկատել նաև հայկական սրբավայրերի նկատմամբ Ադրբեջանի աճող հավակնություննե՞րը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ գերաշնորհ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն անդրադարձել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայկական սրբավայրերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին․
«Գնահատելի է, որ գործող վարչապետը վերջապես ընկալել է հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության գործում իր և իշխանությունների պատասխանատվությունը:
Ցավալի է, սակայն, որ նման նուրբ հարցի շուրջ արտահայտվելիս անգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում չցուցադրել «նորաձև» հռչակված կրթության պակասը, ինչպես նաև հանրային պատշաճ հաղորդակցության և խնդիրների խորքային ըմբռնման ներքին ճգնաժամը:
Պետք է տեղյակ լինել, որ հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության առնչությամբ տակավին 2019 թվականի սկզբներից Եկեղեցին մի շարք անգամեր դիմել է պետական մարմիններին և ընդգծել առկա հարցերը համատեղ քննարկելու անհրաժեշտությունը, ինչը, ցավոք, առ այսօր անարձագանք է մնացել ինչպես պետական լիազոր մարմնի, այնպես և հենց կառավարության կողմից:
Սրբավայրերի հանդեպ վարչապետի հանկարծական հետաքրքրությունը, այսուհանդերձ, ունի նաև մխիթարական ներուժ: Միգուցե երկրի ղեկավարը հանկարծ որոշի նաև նկատել հայկական սրբավայրերի նկատմամբ ադրբեջանական աճող հավակնությունները: Գուցե թե հայացքի արժանանան նաև բռնազավթված Արցախում ոչնչացման վտանգի առջև գտնվող սրբավայրերի պահպանության կենսական խնդիրները»:
Aysor.am