ՊԱՐԶ Է, ԹԵ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԵՐԱԶՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ: ԲԱՅՑ ԻՆՉԻ՞ Է ՁԳՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Ադրբեջանական մամուլը տիրաժավորում է Փաշինյանի այն հայտարարությունը, որ «Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ խաղաղության գործընթացը և խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն: Եվ կփորձենք ու կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունն արվի տևական և երկարատև խաղաղության հասնելու համար»։ Տիրաժավորում է, բնականաբար, որպես միակողմանի հերթական զիջման հայկական կողմի պատրաստակամության հերթական վկայություն՝ ՀՀ Սահմանադրության մաս կազմող Անկախության հռչակագրում Արցախի մասին կետի համատեքստում։
Սակայն, պետք է ենթադրել, որ Փաշինյանը, որը նախկինում հայտարարում էր, թե կարիք չկա փոխել ՀՀ Սահմանադրությունը «խաղաղության պայմանագրի» թեմայի հետ կապված, իսկ հիմա ասում է ճիշտ հակառակը, բնավ հենց այնպես չէ այսօր խոսում այդ մասին։ Քանզի ոչ մի տրամաբանություն չկա «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, դրա շուրջ բանակցություններն ավարտված են» Հայաստանի վարչապետի սույն թվականի մայիսի 28-ի հայտարարության և խաղաղության հաստատման ու հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» ստորագրման նպատակով սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու իր իսկ պատրաստակամության մեջ։ Եթե «ամեն ինչ համաձայնեցված է, բանակցություններն ավարտված են», ապա ի՞նչ կարիք կա այստեղ խառնել ՀՀ Սահմանադրությունը՝ որպես (Փաշինյանի տրամաբանությամբ) խաղաղ գործընթացին խանգարող գործոն։
Մինչդեռ Փաշինյանի հայտարարությունների էությունը փոքր-ինչ այլ հնչողություն է ստանում Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի վերջերս արած հայտարարության համատեքստում, որը, խոսելով Հայաստանի հետ բանակցությունների մասին, նշեց, որ տարածաշրջանում տեղակայված օտարերկրյա ռազմական ուժերի անհրաժեշտությունը չկա: Եթե սրան գումարենք փաշինյանական իշխանության նախաձեռնած բանակային «բարեփոխումները» և այդ ամենը կապենք իրար, ապա սահմանադրական փոփոխությունների թեմատիկայում, հավանաբար, կներառվի ոչ միայն ՀՀ Անկախության հռչակագրի՝ որպես Սահմանադրության նախաբանի հարցը, այլև Հայաստանի անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող մեկ այլ հարց. նրա կարգավիճակը։
Մեկնաբանելով Հաջիևի վերոնշյալ հայտարարությունը՝ ռուս քաղաքագետ Դմիտրի Ժուռավլյովը Alpha News-ին տված հարցազրույցում նշում է. «Ադրբեջանը ձգտում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում... Ռուսական զորքերի ներկայությունը խանգարում է Ադրբեջանին... Եթե Հայաստանում ռուսական ռազմաբազան չլինի, ապա Ադրբեջանը կցանկանա մեկընդմիշտ լուծել հայկական խնդիրը: Քանի դեռ ռուսական զորքերն այնտեղ են, պատերազմ չի լինի։ Իսկ եթե նրանք դուրս բերվեն, ապա Ադրբեջանը կտրվի իր բոլոր խնդիրները միանգամից լուծելու գայթակղությանը...»։
Ուշադրություն դարձրեք, թե ինչ զուգահեռաբար հնչեցին ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարություններն ու հայկական ղեկավարության առաջարկները՝ կրճատելու հայկական բանակում ծառայության ժամկետը փողի դիմաց կամ ընդհանրապես խուսափելու դրանից՝ մեծ փողերի դիմաց։ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքերով՝ «բանակում առկա հիմնարար խնդիրները դիտարկել բացառապես սոցիալական տեսանկյունից, պարզապես վերջնական փակուղի տանող ճանապարհ է: Զինված ուժերում համալրման խնդիրները բազմաթիվ գործոններով են պայմանավորված՝ պետության մոտեցումից, արժեքային համակարգի անկումից մինչև սոցիալական խնդիրներ, սակայն վերցնել ու բանակի հիմնասյուներից մեկը՝ պարտադիր ժամկետային ծառայությունը այս աստիճանի խեղաթյուրելն իր մեջ ազգային անվտանգության սպառնալիք է պարունակում»։
Հիմա եկեք կապակցենք. Փաշինյանի հանկարծակի հայտարարությունը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, Հաջիևինը՝ որ «տարածաշրջանում տեղակայված օտարերկրյա ռազմական ուժերի անհրաժեշտությունը չկա» և հայկական բանակում «բարեփոխումների» վերաբերյալ ՀՀ իշխանությունների առաջարկը։
Հիշենք 2024 թվականը, երբ ռուս զինվորականներին դուրս հրավիրեցին Հայաստանի մի շարք մարզերից։ Խոսքը հինգ մարզերի մասին է, որտեղ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանի դիմումով ու խնդրանքով տեղակայվել էին ռուս սահմանապահներն ու ռուսական 102-րդ ռազմաբազայի օպերատիվ խմբերը. Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում, ադրբեջանական կողմի հետ շփման գծի հատվածներում։
«Ռուսական զինված ուժերի խմբերի ներկայությունը ոչ այնքան ռազմական էր, քանի որ Ադրբեջանի հարձակման դեպքում անհնար կլիներ մարտական խնդիրներ կատարել այդքան փոքր ուժերով, որքան բարոյական։ Քանզի ադրբեջանական կողմը հասկանում էր, որ եթե հարձակվի Հայաստանի վրա, ապա հարձակման կարող են ենթարկվել նաև Ռուսաստանի ԶՈՒ ստորաբաժանումները,- այն ժամանակ «ԳԱ»-ին տված հարցազրույցում նշեց ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը։- Ուշադրություն դարձրեք ռուս զինվորականների դուրսբերման պահին, մասնավորապես՝ Տավուշից։ Հենց որ սկսվեց այսպես կոչված սահմանազատումը, նրանց դուրս հրավիրեցին։ Եվ միայն դրանից հետո փաշինյանական իշխանությունը ծավալեց մեր հողերի ապօրինի հանցավոր հանձնումը։ Դա նշանակում է՝ ռուսական գործոնը խանգարում է հայկական տարածքները թշնամուն հանձնելուն։ Եթե Տավուշին հավելենք մյուս չորս մարզերը, ապա դրանք այն տարածքներն են, որտեղ Բաքուն հույս ունի ինչ-որ բան հափռել... Այն բանից հետո, երբ ռուսական ռազմական ներկայությունը վերոնշյալ հինգ շրջաններից հանվի, Ադրբեջանի ձեռքերը լիովին ազատ կլինեն։ Եթե որոշակի քաղաքական, աշխարհաքաղաքական իրավիճակում Ալիևը որոշի հարձակվել զսպող գործոնի բացակայության պայմաններում՝ ի դեմս ռուսական ԶՈւ փոքր խմբերի, նա կարող է ինտերվենցիա իրականացնել մեր մի շարք բարձունքներ և տարածքներ զավթելու նպատակով...»։
Իրականում սա նախերգանքի լոկ չնչին մասն է։ Հարց. իսկ եթե Հայաստանից հանվի՞ ռուսական 102-րդ ռազմաբազան։ Բայց դա անհնար է անել ինչ-որ մեկի քմահաճույքով։ Քանզի Գյումրիի ռուսական ռազմաբազան գործում է 1995 թվականի պայմանագրով, որը չի կարող անվավեր ճանաչվել, և որում չեն կարող հենց այնպես փոխվել որևէ դրույթներ. ըստ պայմանագրի՝ փոփոխություններ կարող են լինել միայն երկու կողմերի համաձայնությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԲԱԶԱՆ ՀԱՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻԱՅՆ ՄԵԿ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈԽԵԼՈՎ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ։ Եվ ոչ թե պարզապես փոխելով, այլ ամրագրելով Հայաստանի՝ որպես որևէ պետության հետ ռազմական պայմանագրեր չունեցող երկրի չեզոք կարգավիճակը, ինչն ինքնաբերաբար կնշանակի Հայաստանի և Ռուսաստանի միջև 1995 թվականի պայմանագրի չեղարկում: Կա նաև 1992 թվականի սեպտեմբերի 30-ի միջպետական պայմանագիրը, որով ռուս սահմանապահները պաշտպանում են հայ-իրանական և հայ-թուրքական սահմանը։
Մի՞թե այդ մասին չէ երազում Ադրբեջանը՝ հայտարարելով, թե տարածաշրջանում «օտարերկրյա ռազմական ուժերի» ներկայության անհրաժեշտություն չկա, որպեսզի ռուսական ռազմաբազան «հեռանա» Հայաստանից, իսկ բուն Հայաստանը ձեռք բերի մի երկրի «չեզոք կարգավիճակ», որը ռազմական պայմանագրեր չունի որևէ պետության հետ և, ըստ էության, չունի բանակ՝ հանցավոր բարեփոխումներով փլուզված։ Մի՞թե այս մասին չէ «ամբողջ Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է» ոգով ադրբեջանական սանձարձակ քարոզչությունը։ Թե ինչի է ուզում հասնել Ալիևը՝ պարզ է։ Իսկ ի՞նչ է Հայաստանի ղեկավարության ուզածը։
Նույն Հ.Նահապետյանը՝ «ԳԱ»-ին տված հարցազրույցում. «Փաշինյանը հանձնել է, հանձնում է և պատրաստվում է հանձնել Հայաստանի Հանրապետության բուն տարածքները, ինչի առնչությամբ պետկադաստրն ունի ներկայացված սեփականության վկայականներ։ Կա հավաքված ապացուցողական բազա, որը ցույց է տալիս, որ Փաշինյանն Ադրբեջանին է հանձնում ոչ միայն այն տարածքները, որոնք, ենթադրենք, ժամանակին վարչական սահմաններ են ծառայել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև, և այժմ ադրբեջանական որոշ տարածքներ հայտնվել են հայկական զինված ուժերի վերահսկողության տակ։ Փաշինյանը հանձնում է բուն ՀՀ ինքնիշխան տարածքները, այսինքն Խորհրդային Հայաստանին պատկանած վարչական միավորներից հանձնում է տարածքներ, որոնք ոչ մի կապ չունեն Ադրբեջանի հետ։ Դրա իրավունքը նա չունի։ Իսկ քանի որ այդ մարդը զբաղեցնում է վարչապետի աթոռը, ապա խոսքը պետական դավաճանության մասին է...»: