ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՂՈՐԴԵՑ «ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ»

Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե չօգտվեր Սարդարապատի տոնական միջոցառումներից ինքնագովազդի համար: Իր աջ կողմում կանգնեցնելով երկրի նախագահին, իսկ ձախ կողմում՝ ԱԺ խոսնակին, Փաշինյանը ներկա գտնվող այլ պաշտոնյաների և ուժային կառույցների ներկայացուցիչներին պատմեց իր նոր «գյուտերը»։

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԳՅՈՒՏԸ. ՊԱՐԶՎՈՒՄ է, «ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է, մեր պետությունն է մեր ինքնությունը»... Ստացվում է, որ այն հատկանիշները, որոնք պայմանավորում են մեր ինքնությունը, «ձեռք են բերվել, ձևավորվել ու հաստատվել են պետականության շնորհիվ, այսինքն՝ պետականության գոյության պայմաններում, պետական որոշումներով և կամ պետական աջակցությամբ»։

Դե, ի՜նչ կարող ես ասել։ Չի ունեցել, փաստորեն, հայ ժողովուրդն ինքնություն այն ժամանակներում, երբ մենք չունեինք անկախ պետություն, նամանավանդ երբ այդ պետությունը չէր ղեկավարում Փաշինյանը։ Ի՞նչ ինքնություն կարող է ունենալ ժողովուրդը Փաշինյանի բացակայության դեպքում։ Ոչ մի։

Ինքնություն չեն ունեցել ո՛չ Խաչատուր Աբովյանը, ո՛չ Րաֆֆին, ո՛չ Սողոմոն Թեհլիրյանը, ո՛չ Կոմիտասը... Ազգային ինքնությունից բացարձակապես զուրկ են ապրել նրանք իրենց կյանքը: Եվ միլիոնավոր ուրիշները՝ նույնպես: Եվ ողջ այն հայ ժողովուրդը, որն ինչ-որ անհեթեթ պատահականությամբ, հակառակ ինքնության բացակայությանը, հաղթել է թե՛ Սարդարապատի ճակատամարտում, թե՛ Արցախյան առաջին ազատամարտում։

Արձանագրելով, որ հայ ժողովրդի ինքնությունը կայացել է միայն անկախացումից հետո և ամրապնդվել Փաշինյանի իշխանության գալով, վարչապետը թվարկեց իր կառավարության նվաճած բարձունքները: Պարզվում է, որ այսօր մենք «ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ», և առհասարակ «անցնելով դաժան փորձությունների միջով՝ պետականությունը գիտակցելու ու հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել»…

Այդպես սահուն կերպով Փաշինյանն ունկնդիրներին հանգեցրեց այն եզրակացության, թե մենք ավելի ինքնուրույն, անկախ ենք դարձել և «պետության հարատևության» հնարավորություն ենք ստացել Արցախի էթնիկ զտման և 44-օրյա պատերազմում պարտության շնորհիվ։ Քանի որ միայն դրանից հետո ենք հասկացել, որ պետք է խաղաղ ապրել հարևանների հետ, չառաջնորդվել «կաղապարներով», ինչպես կասեր Բոլթոնը, որոնք, արդեն ըստ Փաշինյանի, «հետևողականորեն սերմանել է մեզանում ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը, որպեսզի ոչնչացնի անկախ պետության այն ծիլերը, որ կարող էին վերընձյուղված լինել մեր գիտակցության մեջ»…

Այնուհետ Փաշինյանը թվարկեց իր կառավարության արձանագրած «անուրանալի հաջողությունները»: Մասնավորապես՝ այն, որ «բոլոր սահմանային կետերում այլևս սահմանային հսկողություն են իրականացնում բացառապես մեր երկրի սահմանապահները», «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է»,«Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է ակտիվ երկխոսություն»։ Փաշինյանն այստեղ, ճիշտ է, մոռացավ հիշատակել (դե, ո՞ւմ հետ չի պատահում), որ իր նշած առնվազն վերջին երկու «ձեռքբերումները» հետևանքն են Արցախի էթնիկ զտման, 44-օրյա պատերազմում պարտության, Հայաստանի որոշ սահմանամերձ տարածքների բռնազավթման։

Բայց վարչապետի մտքի թռիչքով զմայլված հանդիսատեսին Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ամենամեծ գյուտը դեռ առջևում էր։ Պարզվում է, «պատմական Հայաստանը» ոչ այն է կոչ է հղել մեզ, ոչ այն է՝ ուղերձ։ Ո՞ւմ միջոցով է հղել: Դե, իհարկե՝ Նիկոլ Փաշինյանի։ Ուրիշ էլ ո՞ւմ միջոցով կարող էր հղվել ուղերձը, եթե ոչ նոր Մեսիայի, որն իր հայտնվելով երջանկացրել է բազմաչարչար հայ ժողովրդին:

Փաշինյանը մեջբերում արեց պատմական Հայաստանի այդ ուղերձից, որ փոխանցվել էր ժողովրդին Հայաստանի վարչապետի միջոցով։ «Մի՛ կրկնեք այդ պատմությունը, մի՛ գնացեք իմ ճանապարհով, մի՛ կրկնեք ինձ»,- ասվում է, ինչպես պարզվեց, Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանին» «պատմական Հայաստանի» հղած ուղերձում:

Վարչապետը համեստորեն լռեց, թե ինչպես է «պատմական Հայաստանն» իրեն փոխանցել այդ ուղերձը։ Քնի մե՞ջ է արդյոք տեղի ունեցել այդ գործընթացը: Թե՞ հարբած ժամանակ։ Կամ գուցե Ալիևի հետ սուրճ խմելի՞ս։ Հերձումը ցույց կտա: