Երևանն ու Պեկինը նախատեսում են պարզեցնել մաքսային ընթացակարգերը

Հայաստանն ու Չինաստանն ապագայում կպարզեցնեն մաքսային ընթացակարգերը և կնվազեցնեն տրանսպորտային ծախսերը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Չինաստանի նոր դեսպան Լի Սինվեյը։

Նրա խոսքով, դա հնարավոր կլինի Հայաստանի և Չինաստանի միջև «Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» միջկառավարական համաձայնագրի ստորագրումից հետո: Դիվանագետի խոսքով, ներկայում համաձայնագիրն ակտիվորեն քննարկվում է Պեկինի և Երևանի կողմից, սակայն հստակ ժամկետ դեռ չկա: Դեսպանը հիշեցրեց, որ նման համաձայնագիր Չինաստանը ստորագրել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ մի շարք երկրների հետ:

«Հայաստանն ունի շատ լավ աշխարհագրական դիրք՝ միացնելով Հյուսիսն ու Հարավը, Արևմուտքն ու Արևելքը։ Սակայն միջազգային ավտոմոբիլային փոխադրումները բախվում են մի շարք խնդիրների», - ասաց Սինվեյը։

Դեսպանը Հայաստանի խնդիրներից է համարում ձգձգված շինարարությունը, Երևանի մեծ խցանումները, ինչը բացասաբար է ազդում բեռնափոխադրումների վրա:

Այս կապակցությամբ Պեկինը չի բացառում ապագայում Երևանի հետ ճանապարհաշինության ոլորտում համագործակցություն հաստատելու հնարավորությունը։ Դեսպանը խոստացավ Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում անել ամեն ինչ՝ ենթակառուցվածքների ոլորտում երկրների միջև փոխգործակցությունը խորացնելու համար:

Նա նախատեսում է իրականացնել լայնածավալ ծրագրեր, որոնք օգտակար կլինեն Հայաստանին և հայ ժողովրդին։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Չինաստանը 2023 թվականից աշխատանքներ են տանում «Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Պեկինում համոզված են, որ համաձայնագիրը նախ և առաջ կզարգացնի և կխորացնի երկրների միջև տրանսպորտային փոխադրումներն ու հաղորդակցությունները: