Նունե ԲԱՐՍԵՂՅԱՆ․ ՄՏԱԴՐՎԵԼ ԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԱՅԴ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ՆԱ ԱՅԼԵՎՍ ՉԶԲԱՂՎԻ ՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ

Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ծագումնաբանության կեղծումն ընդգրկում է տասնամյակներ։ Այդ գործին լծվել են բազմաթիվ մարդիկ՝ ադրբեջանցի այսպես կոչված գիտնականներից մինչև տարբեր տրամաչափի պաշտոնյաներ։ Կրկնակի ցավալի է, որ զեղծարարությունների մաս է կազմում նաև Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական, վարդապետ Ալեքսիյը, նույն ինքը՝ Անդրեյ Նիկոնորովը, որի արատավոր գործունեության բացահայտմամբ զբաղվել և այսօր էլ զբաղվում է մեր հայրենակից Նունե Բարսեղյանը։

НУНЭ БАРСЕГЯН: МЫ НАМЕРЕНЫ ПРИВЛЕЧЬ АРХИМАНДРИТА АЛЕКСИЯ К СУДУ ЗА ФАЛЬСИФИКАЦИИ И ПОДЛОГИ

Գրող-հրապարակախոս, հոգեբան Նունե Բարսեղյանն ապրում է Բեռլինում, հեղինակել է գրքեր և մասնագիտական հոդվածներ։ Նա ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը և 1993 թվականից տեղափոխվել է Գերմանիա։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Բարսեղյանը հայտնեց, որ այդ տխրահռչակ վարդապետը հայտնվել է իր ուշադրության կենտրոնում այն ժամանակ, երբ «Ֆեյսբուք»-ում իր ուղղափառ ծանոթները տվել են հոգևորականին առնչվող հղում, ըստ որի՝ ինչ-որ գիտությունների դոկտոր և ռուսական ուղղափառ եկեղեցու վարդապետ պնդում է, թե իբր Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական եկեղեցիներն ունեն ալբանական ծագում։

«Այդ հանգամանքն ինձ շատ զարմացրեց։ Ինձ տեղեկացրեցին, որ այդ վարդապետը գրել է նաև աշխատություններ, հոդվածներ և սիրում է հաճախակի ելույթներ ունենալ նշված թեմայի վերաբերյալ։ Նա իր դոկտորական աշխատությունը հրատարակել է առանձին գրքով, որը թարգմանվել է անգլերեն։ Մարդիկ ինձ ասում էին, որ նա լուրջ մարդու տպավորություն է թողել իրենց վրա և, հավանաբար, ինչ-որ բան գիտի, եթե գրել է նման աշխատություն, սակայն իրականում ես նրա ֆեյսբուքյան գրառումներում տեսա ակնհայտ ատելություն հայերի նկատմամբ։ Նա փնովում էր մեր հայրենակիցներին հատկապես այն դեպքերում, երբ խոսում էր 44-օրյա պատերազմի կամ մեր մշակութային ժառանգության մասին, ընդ որում՝ վարդապետ Ալեքսիյն այդ ամենն անում էր բացահայտ ագրեսիվությամբ, հետևաբար նա հայտնվեց իմ ուշադրության կենտրոնում, առավել ևս, որ նրա գործունեությունն ինձ պատճառում էր մեծ տհաճություն»,- ասաց Բարսեղյանը։

Նունե Բարսեղյանը սկսել է հետաքրքրվել տվյալ հոգևորականի գործունեությամբ և պարզել, որ նա ժամանակին պաշտպանել է թեկնածուական թեզ մոսկովյան հոգևոր սեմինարիայում։ Թեման նույնն էր և վերաբերում էր եկեղեցիների, այսպես կոչված, ալբանական ծագումնաբանությանը։ Նա հընթացս դարձել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սիրելի հոգևորականը։

«Վարդապետ Ալեքսիյն արգելափակեց իմ մուտքն իր ֆեյսբուքյան էջ, սակայն ես բացեցի նորը, բայց ոչ իմ անվամբ, որպեսզի հետևեի նրա հետագա գործունեությանը։ Ես պարզեցի, որ նա ոչ այնքան շնորհավորում է ուղղափառ եկեղեցու հետևորդներին տոների առթիվ, ոչ այնքան խոսում է եկեղեցական կարևոր թեմաների մասին, որքան գովաբանում է Ալիևին և նրա ընտանիքի անդամներին, մասնավորապես կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, օգտագործելով շողոքորթող հաճոյախոսություններ։ Մինչև վերջերս այդ վարդապետն աշխատում էր Բաքվի ռուսական ուղղափառ եկեղեցու թեմում որպես վարչակազմի քարտուղար, սակայն երբ մահացավ թեմի առաջնորդ եպիսկոպոսը, Իլհամ Ալիևը ցանկացավ, որ նրա պաշտոնը զբաղեցներ հենց վարդապետ Ալեքսիյը, նույն ինքը՝ Անդրեյ Նիկոնորովը, բայց Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Բաքու ուղարկեց ուրիշ հոգևորականի»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նրա տեղեկացմամբ՝ այդպես առաջացավ բացահայտ կոնֆլիկտ, քանի որ Ալիևը չէր ցանկանում տեսնել ուրիշ եպիսկոպոսի և նախընտրում էր վարդապետ Ալեքսիյի թեկնածությունը։ Ի վերջո, Համայն Ռուսիո պատրիարքն ու Ադրբեջանի նախագահը եկան փոխզիջման։ Պատրիարքը վերանայեց իր որոշումը, բայց պայման առաջադրեց, որպեսզի վարդապետ Ալեքսիյը մեկներ Իտալիա, որովհետև ժամանակին ուսանել էր Վատիկանի պապական ինստիտուտում և պատրաստվում էր պաշտպանել դոկտորական թեզ, իսկ հետագայում ասում էր, թե հաջողությամբ ստացել է համապատասխան գիտական աստիճան։

Բայց իրականությունն այն է, որ Իտալիայում ոչ մի ուղղափառ եկեղեցի վարդապետ Ալեքսիյին հոգևոր ծառայության չի ընդունել։ Նունե Բարսեղյանն Իտալիայում բնակվող իր ծանոթներից տեղեկացել է, որ նա, օգտագործելով անձնական կապերը, խնդրել էր Մալթայի եպիսկոպոսին իրեն օգնել։ Վերջինս նրան թույլատրել էր ամսվա մեջ մեկ անգամ հոգևոր ծառայություններ մատուցել իր տնօրինության ներքո գտնվող կաթոլիկ եկեղեցում։ Վարդապետ Ալեքսիյը հետզհետե ավելի հազվադեպ էր այցելում Մալթա։ Նա ավելի շատ շփվում էր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։ Ժամանակին, երբ ՌԴ-ից Բաքու էր ժամանում որևէ պատվիրակություն, դիմավորելու արարողությանն ու հետագա հանդիպումներին անպայման տեղի ռուս դեսպանի և Ալիևի հետ մասնակցում էր նաև տխրահռչակ վարդապետը, որը շատ էր հպարտանում այդ հանգամանքով և իր ֆեյսբուքյան էջում հաճախակի տեղադրում էր լուսանկարներ պաշտոնական հանդիպումներից։

«Նա հաճախակի մասնակցում էր նաև մահմեդական հոգևորականների կողմից կազմակերպված միջոցառումներին՝ ձգտելով քայլել առաջին շարքերում։ Նույնիսկ ցանկացավ ցույց տալ Ալիևին, թե որքան նախաձեռնող է, ուստի Վատիկանի պապական ինստիտուտում վարձակալեց տարածք, որտեղ, իր տեղեկացմամբ, պետք է կայանար ադրբեջանական համաժողով՝ «Քրիստոնեական եկեղեցիներն Ադրբեջանում» թեմայով։ Թեև այդ վարդապետն իր ֆեյսբուքյան էջում նախապես հայտարարել էր միջոցառման մասին, սակայն չէր նշել կոնկրետ ժամն ու տեղը։ Մարդկանց, հիմնականում ադրբեջանցիներին, ներս էին թողնում հրավիրատոմսերով։ Այդուհանդերձ, Վատիկանի պապական ինստիտուտում սովորող մի քանի հայ ուսանողների հաջողվեց ներկա գտնվել այդ միջոցառմանը։ Նրանք ապշել էին ու զայրացել։ Տխրահռչակ վարդապետը ելույթ էր ունեցել՝ ակնհայտ և հիվանդագին ատելություն ցուցաբերելով հայերի և հայկական մշակութային ժառանգության նկատմամբ։ Այդ ժամանակ արդեն նամակ ուղարկեցի Վատիկանի պապական ինստիտուտի տնօրինությանը՝ խնդրելով ինձ ներկայացնել որոշ պարզաբանումներ։ Ինձ երեք լեզուներով (անգլերեն, իտալերեն, ռուսերեն) գրված պաշտոնական նամակով պատասխանեցին, որ իրենք տեղյակ չեն եղել վերոհիշյալ միջոցառման մասին։ Վարդապետը կովկասյան քրիստոնեական ժառանգության մասին իմացող հայտնի մասնագետներից ոչ մեկին չէր հրավիրել, նշել էր որոշ գիտնականների անուններ, որոնք ներկա չէին գտնվել այդ միջոցառմանը և նույնիսկ չգիտեին այդ մասին։ Պապական ինստիտուտից ինձ տեղեկացրին նաև, որ ինքնահռչակ վարդապետ Ալեքսիյն իրենց մոտ երբևէ դոկտորական թեզ չի պաշտպանել, և իրենք չունեն պատմական գիտությունների դոկտորի կոչում, գիտական կոչումները պապական ինստիտուտում բոլորովին այլ անվանում ունեն»,- պատմեց մեր զրուցակիցը։

Դրանից հետո մեր զրուցակիցը հրապարակել է իրեն ուղարկված պատասխան նամակը, որն ունեցել է լայն արձագանք։ Ռուս եկեղեցու հոգևորական Անդրեյ Կուրաևն այդ կապակցությամբ հրապարակել էր հոդված՝ «Բաքուն առանց դոկտորի» վերնագրով, որում զետեղել էր նաև պապական ինստիտուտից Նունե Բարսեղյանին ուղարկված պատասխան նամակը։ Այդքանից հետո վարդապետն իր բոլոր գրառումներից հանել է դոկտորական կոչում ունենալու մասին պնդումները։

Բարսեղյանին հաջողվել է փաստերով պարզել, որ նշված հոգևորականն իր դոկտորական աշխատությունը գրելիս իրականացրել է ակնհայտ գրագողություն։ Տասնյակ էջեր ներկայացնում են բոլորովին այլ հեղինակների մտքերն ու եզրակացություններն՝ առանց համապատասխան հղումների։ Իսկ ինչ վերաբերում է այն վարկածին, որ Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական եկեղեցիներն ունեն իբր ալբանական ծագում, ոչ մի գիտապատմական փաստահեն հիմնավորում չունի։

«Ես և իմ ծանոթ գիտնականները մտադրվել ենք պատասխանատվության ենթարկել այդ վարդապետին, որպեսզի կայանա դատավարություն նրա ահավոր զեղծարարության և գրագողության կապակցությամբ, որպեսզի վերջնականապես պատռվի նրա դիմակը և նա այլևս չզբաղվի նման գործունեությամբ: Վարդապետ Ալեքսիյը մինչև վերջերս իրեն համարում էր անխոցելի և հպարտանում էր Վատիկանի բարձրաստիճան այրերի հետ ունեցած կապերով, բայց այժմ նրան այդ կապերն էլ չեն օգնում։ Իլհամ Ալիևի փողերի դիմաց մի կարդինալ հովանավորում էր նրան, սակայն նա էլ չափազանց անհանգստացած է վարդապետի անվան շուրջ ծագած սկանդալից։ Փաստորեն ինքնակոչ դոկտորի և զեղծարար վարդապետի փուչիկն արդեն պայթել է»,- եզրափակեց Բարսեղյանը։

«Արմենպրես»

 

Галерея (5 фото)