Արաղչի․ Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի հետ բանակցություններում գերակայությունից հրաժարումն է
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, ելույթ ունենալով Իմամ Խոմեյնիի դամբարանում՝ԱԳՆ պաշտոնյաների ներկայությամբ տեղի ունեցած արարողության ժամանակ, ասել է, որ Թեհրանի դիրքորոշումը Վաշինգտոնի հետ միջուկային բանակցություններում «գերակայությունից հրաժարվելն է», տեղեկացրել է Mehr-ը։
Աբաս Արաղչին շաբաթ օրը բանակցությունների և ազգային իրավունքների մասին ելույթի ժամանակ ընդգծել է միջուկային հարստացման հարցում երկրի հաստատակամ դիրքորոշումը։
Նա նշել է, որ թեև շատ բան կարելի է ասել ուրանի հարստացման՝ որպես երկրի կարևորագույն կարիքներից մեկի մասին, Իրանի բանակցային դիրքորոշումը, ըստ էության, գերակայությունից հրաժարումն է:
«Երբ նրանք ասում են, որ դուք չպետք է ունենաք ուրան հարստացնելու կարողություն, դա գերակայության ակտ է»,- ասել է Արաղչին:- Ասում են՝ անհանգստացած են։ Միայն այն պատճառով, որ նրանք մտահոգված են, պե՞տք է արդյոք, որ Իրանի ժողովրդին մերժեն ուրանի հարստացումը: Սա անընդունելի է իրանական ազգի համար»:
Արտգործնախարարը կրկնել է, որ Իրանը մերժում է միջուկային զենքը։
«Նրանք իրավունք չունեն զրկել Իրանի ժողովրդին օրինական իրավունքներից միայն իրենց վախերի պատճառով»,- ասել է Արաղչին։
Նա ավելացրել է, որ Իրանը կգործի վճռականորեն և իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի ցուցումներին համապատասխան։
Իրանն ու ԱՄՆ-ն ուրբաթ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը։ Ինչպես նախորդ փուլերում, բանակցություններում պատվիրակությունները գլխավորում էին Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տարածաշրջանային բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Իրանը քանիցս հայտարարել է, որ ոչ մի դեպքում ամենափոքր ճկունություն անգամ չի դրսևորի ուրանի հարստացման իր իրավունքի հարցում։
News.am