Իշխող կուսակցությունը ցանկանում է Էրդողանին նախագահի թեկնածու առաջադրել 3-րդ ժամկետով

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (Ak Parti) կուսակցությունը քննարկում է երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհրդարանի միջոցով նախագահի թեկնածու առաջադրելու տարբերակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական իշխանամետ «Türkiye» թերթին։

Արդարադատության նախարար Յիլմազ Թունչն ավելի վաղ հայտարարել էր, որ Էրդողանը կարող է երրորդ անգամ էլ մասնակցել նախագահական ընտրություններին, եթե խորհրդարանը որոշի արտահերթ ընտրություններ անցկացնել: Արտահերթ ընտրություններ հայտարարելու համար 360 պատգամավորի ձայն է անհրաժեշտ, խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունն այս պահին ունի 127 մանդատ, իսկ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցությունների դաշինքը՝ 315:

«Սահմանադրության համաձայն՝ նախագահ Էրդողանը նորից առաջադրվելու երկու ճանապարհ ունի։ Կա՛մ խորհրդարանը որոշում կկայացնի ընտրությունների մասին, կա՛մ կփոխվի Սահմանադրության 101-րդ հոդվածը («Նախագահի թեկնածություն և ընտրություն)»: Իշխող կուսակցության կարծիքով՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու փոխարեն Էրդողանի համար թեկնածու դառնալու առավել խելամիտ միջոց կլինի ընտրությունների մասին ևս մի որոշման ընդունումը խորհրդարանի կողմից»,-հայտնում է պարբերականը։

Հիշեցնենք` Թուրքիան 2017թ.-ի հանրաքվեի արդյունքում նախագահական հանրապետություն է դարձել: Ներկայիս Սահմանադրության համաձայն՝ պետության ղեկավարը կարող է պաշտոնավարել ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ։ 2023 թվականի մայիսին Էրդողանը 5 տարով վերընտրվեց երկրորդ անգամ։ Ընդդիմադիր կուսակցությունները նախընտրական քարոզարշավում պնդում էին, որ իրականում խոսքը երրորդ ժամկետի մասին է, քանի որ Էրդողանը 2014-2018 թվականներին եղել է նախագահ, բայց խորհրդարանական հանրապետության օրոք:

Sputnik Արմենիա