Ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ Երևանում. 2 տարեկան երեխային տեղափոխել են հիվանդանոց

Երևանում մարտաֆիլմ հիշեցնող վիճաբանություն-ծեծկռտուք և վրաերթ է տեղի ունեցել։ Վրաերթի հետևանքով մի կին է մահացել, իսկ նրա 2 տարեկան երեխան հիվանդանոց է տեղափոխվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 30-ին` ժամը 22:00-ի սահմաններում։ ՀՀ ՆԳՆ–ն տեղեկություն է ստացել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղում», վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է մահվան ելքով վրաերթով։

Ոստիկաններն ու պարեկները Հաղթանակ 28 տան դիմաց հայտնաբերել են իրար բախված «BMW» մակնիշի «68 MM 100» և «BMW X5» մակնիշի «88 AB 883» համարանիշի ավտոմեքենաներ։ Մինչ պարեկները սահմանազատել են տարածքը, շտապօգնության կայանից ոստիկանությանը հայտնել են, որ վրաերթի ենթարկվածներից կինը շտապօգնության ավտոմեքենայում մահացել է, իսկ 2 տարեկան տղա երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով «BMW X5»-ը եղել է կայանված, կապ չի ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքի հետ, իսկ մյուս «BMW»-ի վարորդը դեպքի վայրը լքել է։

Վրաերթի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա պարեկները հայտնաբերել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի վրա եղել են վնասված հետքեր, և կան տեղեկություններ, որ այդ «Նիվան», որի համարանիշները փոխված են, վրան դրված է այլ համարանիշ, մասնակցություն է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքին։

Sputnik Արմենիա