ՀՀ իշխանությունը մարտահրավեր է նետել ՀԱԵ-ին. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ
ՀՀ իշխանությունը մարտահրավեր է նետել Հայ Առաքելական եկեղեցուն, քանի որ ունի խնդիր իր ազգադավ ու հայրենակործան պարտությունը քողարկելու, ինչպես նաև ազգը կործանելու հատուկ հրահանգված քարոզչություն անելու։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորական դասը։
«Իրենց քրիստոնյա հորջորջող, բայց պարբերաբար անպարկեշտ պահվածք դրսևորող ՀՀ վարչապետը տիկնոջ հետ միասին հերթական անգամ ցնցեց համայն հայությանը՝ վարկաբեկելով Եկեղեցին ու հայհոյելով հոգևոր առաջնորդությանը։ Երբ հոգեկան անհավասարակշիռ այս զույգը Եկեղեցին զավթելու մոլուցք է դրսևորում, հետո այն համեմատում չուլանի հետ, մնում ես ապշած, թե այսպես մինչև ուր ենք գահավիժելու, այս մղձավանջը երբ է վերջանալու»,–նշված է հայտարարության մեջ
Ընդգծվում է, որ մինչ իշխանությունները դավադրաբար հրաժարվում են Արարատից, Արցախից ու հայ ժողովրդի նվիրական սրբություններից, հայոց հայրապետը Շվեյցարիայում Եկեղեցիների Համաշախարհային Խորհրդի հարթակից (որն ունի 300 եկեղեցի և 600 միլիոն հետևորդ), բարձրաձայնում և դատապարտում է սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի հայաթափումը, Բաքվում պահվող ռազմագերիների նկատմամբ շինծու դատավարությունն ու միջազգային նորմերի աղաղակող խախտումները։
Հիշեցվում է, որ տարիներ առաջ Ամենայն հայոց կաթողիկոսը Թուրքիայում հրապարակավ խոսում է հայոց ցեղասպանության մասին, ինչից այսօր հեշտորեն հրաժարվում են օրվա ղեկավարները։
«Հասկանալի է, թե այժմյան բոկոտն ու ապաշնորհ իշխանության վախերը որտեղից են ծնունդ առնում ու ինչ նպատակ են հետապնդում հայոց Եկեղեցու և հոգևոր իշխանության դեմ հանիրավի քարկոծումով։ Նրանք փափագում են խլել մեր հոգևոր ինքնությունը, հայրենիքն ու սրբությունները, որը դարեր ի վեր երազել են իրականացնել մեր թշնամիները։ Այլապես ինչո՞ւ պիտի երկրի արտաքին սպառնալիքը թողած, օրհասական այս պահին, Եկեղեցու դեմ ներքին խժդժություններ բորբոքեին, սրբապիղծ մտքերով հանրությանը մոլորեցնեին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հոգևոր դասը հույս ունի, որ հայ ժողովուրդը կհամախմբվի ընդդեմ ազգակործան չարիքի, քանզի քաղաքական ուժերը ժամանակավոր են, իսկ Եկեղեցին՝ հարատև։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հաջորդն օրը նա տգեղ բառապաշարով գրառում արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Այնուհետև հաջորդեցին այլ գրառումներ, որոնք նա եզրափակեց հետևյալ հայտարարությամբ` Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։
Նշենք, որ եկեղեցու մասին վիրավորական գրառում է արել նաև Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը` կաթողիկոսին անվանելով գլխավոր մաֆիոզ, իսկ հոգևորականներին` երկրի գլխավոր մանկապիղծներ։
Sputnik Արմենիա