«Հայաստան» խմբակցությունը դատապարտում է իշխանությունների` եկեղեցուն թիրախավորող վարքը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դատապարտում է իշխանությունների` Հայ Առաքելական եկեղեցուն, նրա Հայրապետին և եպիսկոպոսաց դասին թիրախավորող արգահատելի հռետորաբանությունն ու վարքը։ Այս մասին հայտարարություն է տարածել խմբակցության մամուլի ծառայությունը։

«Այդ վարքը գնահատում ենք ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը նսեմացնող, նրա միասնականությունն ու արժեքային համակարգը քայքայող գործողություն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ եկեղեցուն թիրախավորելով՝ իշխող վարչախումբը շարունակում է ներազգային պառակտման, հայ ժողովրդի ինքնության հիմքերի խաթարման և երկրում հոգևոր-բարոյական ճգնաժամը խորացնող վարքագիծը։

«Հայ ժողովրդի կյանքում Հայ առաքելական սուրբ եկեղեցին ունեցել է և ունի բացառիկ առաքելություն, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ։ Հայ ժողովրդի համար ճակատագրական այս օրերին ազգային ուժերի միասնականությունն ու վճռականությունն առավել քան անհրաժեշտություն են»,–նշված է հայտարարության մեջ։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտնել է նաև, որ շարունակում են լինել հայ եկեղեցու կողքին՝ հանուն հայոց պետականության ամրապնդման, հավաքական իրավունքների և շահերի պաշտպանության։

Ավելի վաղ Հայաստանի հանրապետական կուսակցությունն էր դատապարտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ եկեղեցուն ու հոգևորականներին վերաբերող հայտարարությունները, անվանելով դրանք «զարհուրելի վարքագիծ»։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հաջորդն օրը նա տգեղ բառապաշարով գրառում արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Այնուհետև հաջորդեցին այլ գրառումներ, որոնք նա եզրափակեց հետևյալ հայտարարությամբ` Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։

Նշենք, որ եկեղեցու մասին վիրավորական գրառում է արել նաև Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը` կաթողիկոսին անվանելով գլխավոր մաֆիոզ, իսկ հոգևորականներին` երկրի գլխավոր մանկապիղծներ։

Sputnik Արմենիա