Axios-ը խմբագրել է իր հրապարակումը. Ուկրաինան Թրամփին չի զգուշացրել ՌԴ-ի դեմ հարձակման մասին

Axios պարբերականը, որը նյութ էր գրել Ռուսաստանի տարածքում մի քանի բազաներում տասնյակ ռազմավարական ռմբակոծիչների վրա Ուկրաինայի ԶՈՒ աննախադեպ հարձակման մասին, ավելի ուշ խմբագրել է իր հրապարակումը։

Ավելի վաղ պարբերականը, հղում անելով ուկրաինացի պաշտոնյայի, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախապես տեղեկացվել էր այս հարձակման մասին։

Սակայն ավելի ուշ նյութի այս հատվածը փոփոխվել է, և պարզվել է, որ Թրամփի վարչակազմին հարձակման մասին նախապես չեն տեղեկացրել։

Ընդ որում, Axios-ն այս անգամ մեկնաբանություն է վերցրել ինչպես ուկրաինական, այնպես էլ ամերիկյան աղբյուրից։

Հիշեցնենք, որ ուկրաինացի պաշտոնյան Axios-ին հայտնել էր, որ գործողությունն իրականացվել է երկրի անվտանգության ծառայության կողմից և պլանավորվել է ավելի քան մեկ տարի։ Նա նշել էր, որ հետախուզության աշխատակիցները հարվածային անօդաչու թռչող սարքեր են արձակել բեռնատարներից, որոնք գաղտնի կերպով տեղակայված են եղել ռուսաստանյան ավիաբազաների մոտ, որոնցից մեկը գտնվում է Սիբիրում՝ Ուկրաինայից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա։

Նշվում է, որ հարձակման հետևանքով խոցվել է մոտ 40 ռուսաստանյան ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ ռազմավարական ռմբակոծիչներ։

News.am