«Զվարթնոցում» մեծ շուքով դիմավորեցին սպորտային մարմնամարզության Հայաստանի թիմին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախորդ գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում կրկին հնչեց զուռնա-դհոլ։ Հայկական սպորտի երկրպագուները մեծ շուքով դիմավորեցին սպորտային մարմնամարզության ամենաերիտասարդ հայ Եվրոպայի չեմպիոնին՝ Համլետ Մանուկյանին և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանին:
Հունիսի 2-ին կեսգիշերն անց Մյունխեն - Աթենք - Երևան չվերթով հայրենիք վերադարձան Եվրոպայի չեմպիոնները, մեդալակիրները և սպորտային մարմնամարզության Հայաստանի թիմը՝ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ։
Չեմպիոններին դիմավորելու էին եկել ծնողները, ընտանիքի անդամները, ընկերները, մարզասերներ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, սպորտի այլ ներկայացուցիչներ: Արթուր Դավթյանի ամենամեծ երկրպագուն և դիմավորողը նրա ավագ դուստրն է՝ 6-ամյա Ալիսան, որն այս անգամ ևս անհամբեր սպասում էր չեմպիոն հայրիկի դուրս գալուն:
Չեմպիոններին և մեդալակիրներին «Զվարթնոցի» սպասասրահում դիմավորեցին ծափահարություններով, պաստառներով, ՀՄՖ նախագահ Գագիկ Վանոյանն էլ՝ դափնիներով:
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը նվաճեց երկու ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալներ: Առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 17-ամյա Համլետ Մանուկյանը, որը հավասարը չունեցավ նժույգ թափեր վարժությունում (14.766 միավոր):
Երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Արթուր Դավթյանը: Հենացատկի վարժության եզրափակիչում օլիմպիական փոխչեմպիոնը վաստակեց 14.799 միավոր:
Նույն վարժությունում փոխչեմպիոն դարձավ Մամիկոն Խաչատրյանը (14.733 միավոր):
Օղակների վարժությունում բրոնզե մեդալակիր դարձավ Արթուր Ավետիսյանը (14.366 միավոր):
Արթուր Ավետիսյանը նվաճեց իր առաջին մեդալը Եվրոպայի առաջնություններում:
News.am