ԱՄՆ դեսպանատունը միևնույն ծրագրում դադարեցրել է հայ ուսանողների կրթաթոշակը՝ հաստատելով ադրբեջանցիներինը
Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) հայաստանցի ուսանողները հայտնվել են անհավասար պայմաններում նույն կուրսում սովորող ադրբեջանցի ուսանողների համեմատությամբ։ ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է Հայաստանից ուսանողների կրթության և կացության ֆինանսավորումը Վրաստանում՝ միաժամանակ պահպանելով ադրբեջանցի ուսանողներինը։ Այս մասին հայտարարել են GIPA-ի հայ ուսանողները։
Ուսանողների հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Արդեն 20 տարի շարունակվող ծրագրի համար Հայաստանից ու Ադրբեջանից ուսանողներ է ընտրում ու Վրաստան ուղարկում հենց տվյալ երկրի ԱՄՆ դեսպանատունը։ 2024-2026 թթ ուսումնական տարվա համար ընտրված ուսանողների միայն մեկ՝ աշնանային կիսամյակի կրթաթոշակը ԱՄՆ կառավարությունը տրամադրել է, բայց գարնանային կիսամյակից սկսած պարզ է դարձել, որ հայաստանցի ուսանողների համար կրթաթոշակը դադարեցվում է, մինչդեռ ադրբեջանցի ուսանողների համար՝ շարունակվում…»:
Ուսանողներն ապրիլի 23-ին պաշտոնական նամակ են հղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին, բայց արդեն ավելի քան մեկ ամիս է անցել, և որևէ պատասխան չեն ստացել։ Սա տարօրինակ լռություն է, քանի որ բոլոր նամակներին դրական կամ բացասական արձագանք, ամեն դեպքում, պետք է լինի:
Alpha News