Փաստաբանը հաղորդում է ներկայացրել Գնել Սարգսյանի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու փաստի առթիվ
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում գտնվող վանական համալիրում առերևույթ խուլիգանության կատարելու դեպքի վերաբերյալ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին փաստաբանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Հաղորդմամբ ներկայացրել եմ, որ Գնել Սարգսյանի գործողություններում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի հատկանիշներ (Խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)», – մանրամասնել է փաստաբանը։
Գնել Սարգսյանը, որ հայտնի է որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխանության աջակից, հունիսի 1-ին այցելել էր Մարմաշենի վանական համալիր, այնտեղ միջադեպ էր գրանցվել նրա մասնակցությամբ: Սարգսյանը տեղի քահանա Տեր Փառենից բացատրություն էր պահանջել իր հայտարարության համար, թե թույլ չի տալու եկեղեցի մտնել «նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին»:
«Իմ հովվության տարածքում գործող որևէ եկեղեցի կամ սրբավայր, որն իմ ենթակայության տակ է, որևէ նմանատիպ անձի նկատեցի եկեղեցի մտնելիս կամ լսեցի սխալ արտահայտություններ թույլ տալիս, ապա կտրականապես արգելելու եմ և թույլ չեմ տալու մտնել եկեղեցի կամ տարածք, դուրս եմ շպրտելու շատ կոպիտ ձևով», – գրել էր նա սոցիալական ցանցում մայիսի 31-ին։
Ի դեպ, այս հայտարարությանը մայիսի 31-ին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էր անդրադարձել. «Մի կողմ թողնենք, որ նա «գլուխը պատովն է տվել» և շատ փոքր մարդ է, որ ՀՀ որևէ քաղաքացու արգելի մտնել վանական համալիր»:
Armenia Today