ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՄՏՆՈՒՄ Է ՎՃՌՈՐՈՇ ՓՈՒԼ. ԿԼԻՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ԿԱՏԱՐՍԻՍ

«Փաշինյանը վերջնականապես միացել է փարաջայավոր ահաբեկիչներին ջրի երես հանելու մեր արշավին»,-այսպես անկեղծորեն է Բաքվի Տելեգրամ-ալիքներից մեկը մեկնաբանել իշխանությունների ներկայացուցիչների վերջին, մեղմ ասած, սկանդալային հայտարարություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը: «Սկանդալային» բառն այս համատեքստում իսկապես չափազանց մեղմ է հնչում՝ չարտացոլելով կատարվող ամենի էության, բովանդակության, ուղղվածության և ձևի ողջ անթույլատրելիությունն ու աննախադեպությունը։

Իշխանությունների կողմից ներքին իրավիճակի միտումնավոր լարումն ակնհայտ է, և նույնքան ակնհայտ է, որ անձամբ Փաշինյան-Հակոբյան տանդեմի առաջին պլան ելնելը ցույց է տալիս դիմակայության վճռորոշ բնույթը Բաքվին և Անկարային արվելիք գոյաբանական զիջումներին, որոնց մասին բացահայտ հայտարարվեց նախօրեին։ Եվ ծայրաստիճան ցուցանշական է, որ հայոց պետության և հայկական ինքնության փաստացի ոչնչացման այս վճռորոշ փուլում թշնամու գլխավոր վեկտորը թիրախավորում է հենց Հայոց եկեղեցուն, վերջին ամրոցը՝ «իրական Հայաստանի», այսինքն հակաՀայաստանի մասին Փաշինյանի և Հակոբյանի երազանքի իրականացման ճանապարհին։

Իրավացի են փորձագետները, որոնք Սուրբ Էջմիածնի վրա հանցավոր զույգի հարձակումը կապում են Բաքվի հայտնի ավազակ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությունների հետ։ Իրավացի են նաև նրանք, ովքեր համարում են, որ կենակիցների անպարկեշտ վայրահաչի համար ձգան է ծառայել Գարեգին Բ Կաթողիկոսի փայլուն ելույթը Բեռնում կայացած Արցախի հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը նվիրված խորհրդաժողովում և ընդհանրապես նման միջոցառման բուն անցկացումը:

Բայց փաստն այն է, որ Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումը սկսվել է Փաշինյանի կողմից իշխանության զավթման առաջին իսկ օրերից և ոչ մի րոպե չի դադարել։ Տարբեր ժամանակահատվածներում դրսևորվելով տարբեր կերպ՝ այդ հարձակումը գլոբալ հակահայկական «ծրագրի» ամենաէական բաղադրիչներից մեկն էր, որի իրականացման համար էլ «հեղափոխական» ոհմակը բերվեց իշխանության։

Փորձենք կառուցել այդ դիմակայության առավել ուշագրավ փուլաշրջանները՝ ամենևին էլ չհավակնելով իրադարձությունների լիակատար ընդգրկման։

Հայ եկեղեցու վրա հարձակումները սկսվեցին «հեղափոխությունից» ընդամենը 2 ամիս անց՝ «Նոր Հայաստան՝ նոր Հայրապետ» «շարժման» տեսքով։ Բնականաբար, իշխանությունն այն ժամանակ դեռ պահպանում էր արտաքին պարկեշտությունը և անջրպետվում էր խուլիգանների կույտից։ Սակայն այդ խմբի ագրեսիվ արարքներին բավական զուսպ արձագանքող ոստիկանության գործողություններն առավել քան խոսուն էին։ 2018 թվականի հուլիսի սկզբին այսպես կոչված ակտիվիստները ներխուժեցին Էջմիածնի վանքի դիվանատուն՝ պահանջելով Կաթողիկոսի հրաժարականը։ Սատանայական խրախճանք հիշեցնող այդ ակցիաները այնուհետ բազմիցս կրկնվել են։

2019 թվականի հոկտեմբերին սոցցանցերը ցնցեց Աննա Հակոբյանի լուսանկարը, որը անպարկեշտ բաց զգեստով՝ մերկ ուսերով ու ոտքերով նստած էր Կաթողիկոսի կողքին։

9.11.2020 թ. խայտառակ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Կաթողիկոսը պարզաբանում պահանջեց Հայաստանի և Արցախի իշխանություններից: Իսկ մեկ ամիս անց՝ դեկտեմբերին, արտահայտելով հայության մեծամասնության կամքը, Նորին Սրբությունը կոչ արեց Փաշինյանին հրաժարական տալ։ Նիկոլը, բնականաբար, չէր կարող դա մոռանալ։

2020 թվականի դեկտեմբերի 21-ին Սիսիանում Նիկոլին վռնդեցին Աստծո տաճարից. տեսանյութը, թե ինչպես է քահանան հրաժարվում սեղմել նրա ձեռքը և ցույց տալիս դռան կողմը, և Նիկոլը գլուխը կախ, սուտ խոնարհությամբ դուրս է գալիս, շրջեց բոլոր սոցցանցերում ու ԶԼՄ-ներում:

2020 թվականից սկսվեց Ժաննա Անդրեասյանի գլխավորած ԿԳՄՍՆ-ի սանձազերծած պայքարը «Հայոց Եկեղեցու պատմություն» դպրոցական առարկայի դեմ: Չնայած Սուրբ Էջմիածնի և հասարակության մի մասի դիմադրությանը՝ 2023 թվականին Գարեգին Նժդեհին «ֆաշիստ» անվանած և որպես պարգև նախարարի պաշտոնը ստացած անձնավորությանն այնուամենայնիվ հաջողվեց բացառել այդ առարկան կրթական ծրագրից:

2023 թվականի ապրիլին Փաշինյանը խորհրդարանում ելույթի ժամանակ իրեն փաստացի հռչակեց Արարիչ՝ հայտարարելով. «Եթե Եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն Եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»:

2023 թվականի դեկտեմբերի 31-ին Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Առաջին ալիքը կեսգիշերից ընդամենը մի քանի ժամ առաջ հայտարարեց, որ սովորական ժամին չի հեռարձակելու Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը։ Ի պատասխան՝ մի շարք ընդդիմադիր և անկախ հեռուստաալիքներ ու այլ լրատվամիջոցներ հաղորդեցին Գարեգին Բ-ի ելույթը, որը լսեց Հայաստանի բնակչության շուրջ 90 տոկոսը:

2024 թվականի ապրիլի 23-ին Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հոգեհանգստի պատարագի ընթացքում հնչեցրեց մի շարք աղմկահարույց թեզեր. նա, ով կփորձի ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, պետք է անիծվի սերնդեսերունդ, նրա անունն ու հիշատակը, ով կփորձի ջնջել մեր պատմական հիշողությունը, իր ընտանիքով հանդերձ պետք է անիծվի հավիտյան, նա, ով պայքարում է Եկեղեցու դեմ, պատմության մեջ կմնա հավերժ դատապարտման և խայտառակության խարանով, նա, ով կհրաժարվի Հայրենիքի հողերից, պետք է անիծվի և դատապարտվի, ինչպես եղբայրասպան Կայենը։

Ի պատասխան՝ 2024 թվականի մայիսին քինոտ իշխանությունները սկսեցին իրենց դիվական արշավի «ֆինանսական մասը»՝ հայտարարելով, թե ՀԱԵ-ի վրա պետք է տարածվեն բոլոր հարկային պարտավորությունները՝ առանց որևէ արտոնության։ Սա յուրօրինակ արձագանք էր ոչ միայն Արշակ Խաչատրյանի հայտարարություններին, այլև «Տավուշը հանուն Հայրենիքի» ծավալվող բողոքի շարժմանը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ։

Նույն թվականի մայիսի 28-ին տեղի ունեցավ երկիրը ցնցած եվս մեկ միջադեպ. ոստիկանությունը կոպիտ ձևով փորձեց արգելել աղոթքի համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նրան ուղեկցող հոգևորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր:

Թե ինչ տեղի ունեցավ արդեն օրերս, երբ կենակիցների զույգի պահվածքն արդեն հատեց պարկեշտության և բարոյական կանոնների հնարավոր ու անհնար բոլոր սահմանները, հայտնի է բոլորին։ Հարձակումը Հայոց Եկեղեցու վրա, որը մնացել է միակ ազգային ինստիտուտը, որ կարող է միավորել հայությանն ու խոչընդոտել Էրդողան-Ալիև-Փաշինյանի ծրագրերի վերջնական իրականացմանը, մտնում է եզրափակիչ փուլ: Եվ նշանավորում է հակազգային ուժերին հայ ժողովրդի դիմակայության վճռորոշ փուլը։

Բոլոր դիմակներն արդեն վաղուց պատռված են, և նույնիսկ Բաքվում արդեն չեն թաքցնում, որ Նիկոլը «վերջնականապես միացել է» ամեն հայկականի դեմ թուրքական արշավին։ «Վերջնականապես» բառը, ասենք, այստեղ զուտ պայմանական է. Փաշինյանն ի սկզբանե համաձայնեցրել է իր գործողությունները Բաքվի և Անկարայի հետ Հայաստանի համար գոյաբանական նշանակության բոլոր հարցերում. Արցախ, Ցեղասպանություն, Սահմանադրություն և Եկեղեցի։ Եվ շարունակում է դա անել:

Կատարսիսի պահը Հայաստանի ժողովրդի և Սփյուռքի համար մոտենում է, բայց կլինի՞ արդյոք կատարսիս։