ՌԴ Ուկրաինային հրադադարի 2 տարբերակ է առաջարկել. հրապարակվել է հուշագրի տեքստը
Ուկրաինական կարգավորման վերաբերյալ ռուսական հուշագիրը հրադադարի 2 տարբերակ է պարունակում։ Տեղեկությունը հայտնում են ՌԻԱ Նովոստին և RT–ն, որոնց տրամադրության տակ է հայտնվել փաստաթուղթը:
Առաջինը ենթադրում է Ուկրաինայի կողմից գրավված ռուսական տարածքներից ուժերի դուրսբերում, այդ թվում` ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից, Զապորոժիեի և Խերսոնի մարզերից։
Երկրորդը փաթեթային առաջարկ է․ այն վերաբերում է զորքերի վերատեղակայման արգելքին, զորահավաքի և Կիևին օտարերկրյա ռազմական օգնության մատակարարման դադարեցմանը։
Այս տարբերակով նախատեսվում է նաև զորացրում սկսել, բացառել երրորդ երկրների ռազմական ներկայությունը, վերացնել Ուկրաինայում հայտարարված ռազմական դրությունը։
Բացի այդ, փաթեթային առաջարկը ենթադրում է Ուկրաինայում ընտրությունների անցկացում ռազմական դրության վերացումից ոչ ուշ, քան 100 օր հետո։
Փաստաթղթի հիմնական կետերն են․
- Ուկրաինայի չեզոքություն, ռազմական միություններին չանդամակցել։
- Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակ, զինված ուժերի առավելագույն թվաքանակի սահմանում:
- Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների վերացում։
- Ղրիմի, ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանին միանալու միջազգային իրավական ճանաչում։
- Մարտական գործողությունների հետևանքով կրած վնասների առնչությամբ փոխադարձ պահանջներից հրաժարում։
- Ռուսալեզու բնակչության իրավունքների և ազատությունների ապահովում, Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու գործունեության սահմանափակումների վերացում, նացիզմի հերոսացման արգելք:
Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլի Չիրագան պալատում անցկացվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը, որը տևել է ավելի քան մեկ ժամ: Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 16-ին:
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին այսօրվա բանակցություններից հետո հայտնել է, որ Ռուսաստանը հակամարտության կարգավորման վերաբերյալ մանրամասն հուշագրի նախագիծ է փոխանցել ուկրաինական կողմին։ Ռուսաստանը միակողմանիորեն Կիևին կփոխանցի ուկրաինացի զինվորների և սպաների 6 հազար մարմին։ Կողմերը պայմանավորվել են նաև առանձին հատվածներում 2-3 օրով դադարեցնել կրակը, որպեսզի հրամանատարները կարողանան վերցնել իրենց զինվորների մարմինները: Կձևավորվեն նաև բժշկական մշտական հանձնաժողովներ, որոնց եզրակացությունների հիման վրա կողմերը, չսպասելով քաղաքական որոշումների, ցուցակներ կկազմեն ծանր վիրավոր զինվորներին փոխանակելու համար: Նման փոխանակումները պարբերական բնույթ կկրեն, կիրականացվեն աշխատանքային կարգով:
ՏԱՍՍ–ը, հղում անելով իր աղբյուրին, տեղեկացնում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների հաջորդ փուլը կրկին Ստամբուլում կանցկացվի։
Sputnik Արմենիա