Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Հունիսի 1-ին Թուրքիայի Իգդիր քաղաքում 33 բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպություններ ցույց են անցկացրել՝ կոչ անելով փակել Հայաստանում Մեծամորի ատոմակայանը, գրում է Ermenihaber-ը։ Ակցիայի մասնակիցները նշել են, որ չնայած Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը լրանում է 2025 թվականին, այն շարունակում է գործել։
Մերսինի բնության և շրջակա միջավայրի ասոցիացիայի նախագահ Սաբահաթ Ասլանն ասել է, որ Մեծամորի ատոմակայանը չափազանց բացասական ազդեցություն ունի շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա, հատկապես՝ Իգդիր նահանգում։
«Մեծամորի ԱԷԿ-ն աշխարհի ամենավտանգավոր ատոմակայաններից մեկն է։ Այն չափազանց բացասական ազդեցություն ունի շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա, հատկապես՝ Իգդիր նահանգում։ Դիմում ենք ատոմակայաններով զբաղվող միջազգային բոլոր կազմակերպություններին և ՀՀ կառավարությանը՝ փակեք Մեծամորի ԱԷԿ-ը, քանի դեռ Հայաստանը չի վերածվել Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի: Մեր երկրի համապատասխան մարմինները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն: Մեր պայքարը կշարունակվի, քանի դեռ ԱԷԿ-ը չի փակվել»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ Իգդիրը մեծապես տուժում է ատոմակայանի շահագործման հետևանքներից։ Տարածաշրջանում կտրուկ աճել են քաղցկեղի դեպքերը, մարդիկ չեն կարողանում բուժվել, ավելանում է լեյկոզով ծնվող երեխաների թիվը։ Այդ կապակցությամբ Թուրքիայի կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի։
Բացի այդ, ցուցարարներն ընդգծել են, որ չեն ցանկանում, որ Աքկույուում, Սինոպում կամ Իգնեադայում ատոմակայաններ կառուցվեն։
Հարկ է նշել, որ Թուրքիան պարբերաբար կոչ է անում փակել Մեծամորի ատոմակայանը՝ պնդելով, որ այն «վտանգ է ներկայացնում ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար»։
Alpha News