«Քյոխը» հարցաքննվել է

Արցախի Հանրապետության հանձնման, պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական պաշտոնեական անփութության, ինչպես նաև զենք-զինամթերք և սպառազինություն թշնամուն հանձնելու քրեական վարույթի շրջանակում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարցաքննվել է Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար, «Արցախի հերոս» Կարեն Ջալավյանը՝ «Քյոխը»։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Նույն վարույթի շրջանակում հարցաքննվել է նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։ Սա հիմք է ենթադրելու, որ, հնարավոր է, հենց վերջինիս հաղորդման կամ ցուցմունքների հիման վրա էլ սկսվել է գործընթացը, որի առանցքում այժմ հայտնվել է Արցախի նախագահի անունը»,–գրում է թերթը։

Հիշեցնենք` ավելի վաղ թերթը գրել էր, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին իրավապահներն ինտենսիվորեն կանչում են հարցաքննության. նա արդեն 5-6 անգամ այցելել է քննչական մարմին՝ վկայի դատավարական կարգավիճակով. իրավապահ համակարգին մոտ կանգնած շրջանակները հաստատում են, որ գործը խորանում է, և չի բացառվում նաև, որ Շահրամանյանը կալանավորվի։

Sputnik Արմենիա