Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը ՀՀ ոստիկանապետ է նշանակվել
Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը ՆԳ փոխնախարար, ՀՀ ոստիկանապետ նշանակվեց։ Համապատասխան որոշումն այսօր ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արամ Ղազարյանին նշանակել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին ՀՀ ՆԳՆ փոխնախարար, ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Ավելի ուշ նաև հրաժարականի դիմում ներկայացրեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և հայտնեց, որ դադարեցնում է իր քաղաքական և կուսակցական գործունեությունը։ Դեռ երեկ Sputnik Արմենիան իր աղբյուրներից տեղեկություններ էր ստացել այն մասին, որ Ղազարյանը նշանակվելու է ՀՀ ոստիկանապետի պաշտոնում։
Նշենք, որ Արամ Ղազարյանը գրեթե 20 տարի ոստիկանության համակարգում աշխատել է տարբեր մարզերում, զբաղեցրել է Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի ոստիկանապետի պաշտոնը։
Ինչ վերաբերում է պաշտոնաթող Արամ Հովհաննիսյանին, ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ հրաժարական նրանից վարչապետ Նիկոլ Փաշինյանն է պահանջել։ «Հրապարակի» տեղեկություններով՝ հունիսի 1-ին՝ Փաշինյանի ծննդյան օրը, Արամ Հովհաննիսյանը պատշաճ չի կազմակերպել Սևանի մայրուղին «փակելը», բավականին շուտ է դա սկսել անել, ինչի արդյունքում, երբ Փաշինյանի ավտոշարասյունը տեղ է հասել, զայրացած վարորդները նրան ազդանշաններով են ողջունել։ Պարբերականը նաև գրել էր, թե Արամ Հովհաննիսյանը, որը Փաշինյանի ծննդյան օրվա հյուրերից է եղել, առաջիններից է հեռացել։