ԱՄՆ-ն հրաժարվել է Սիրիայում երեք ռազմաբազայից
Ամերիկայի Միացյալ Նահանգները երկու ռազմաբազա է փակել Սիրիայում, ևս մեկը հանձնել է քրդական «Սիրիական դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) վերահսկողությանը` ռազմական զորախմբի աստիճանական կրճատման շրջանակում: Այս մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը «Al Arabiya» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա խոսքերը մեջբերում Է ՏԱՍՍ-ը։
«Մոտ 500 ամերիկացի զինծառայողներ դուրս են բերվել Սիրիայից։ Երկու բազա փակվել է, ևս մեկը փոխանցվել է «Սիրիայի դեմոկրատական ուժերին»։ Ամերիկյան զորքերի համախմբումն անվտանգ է և մտածված»,-հայտարարել է նա։
Հեռուստաալիքի տվյալով` քրդական կազմավորումները վերահսկողություն են ստացել «Mission Support Site Euphrates» բազայի նկատմամբ։ Փակ օբյեկտների թվում նշվում է «Green Village» բազան։ Երկրորդ օբյեկտի անունը չի նշվում։
Ամերիկացի զինվորականները Սիրիայի հյուսիս-արևելքում են գտնվում 2015 թվականից: 2015-2018 թվականներին քրդական ուժերի կողմից վերահսկվող տարածքներում ԱՄՆ-ն ստեղծել է ինը ռազմաբազա և երեք առաջավոր դիրքեր: Նախկինում այդ օբյեկտներում մոտ 2,2 հազար ամերիկացի զինվորական էր տեղակայվում։
Ապրիլին Պենտագոնը հայտարարեց զորակազմը կրճատելու ծրագրերի մասին` Սիրիայում թողնելով 1000-ից պակաս զինծառայող:
Sputnik Արմենիա