«Անդաստիարակ», «անշնորհք»․ ԿԿՀ-ն կարծում է՝ Արարատ Միրզոյանի այս բառերը վիրավորական չեն
«Անդաստիարակ», «անշնորհք», «ոչ արհեստավարժ», «սուս մնա», «ամոթ Ձեզ», «չափն անցնել»․ ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի գործածած այս բառերը մեղմ հանդիմանական կամ նախատական երանգ ունեն, ուղղված են լրագրողների գործողություններին գնահատական տալուն, այլ ոչ թե նրանց անհատապես վիրավորելուն։
«Արարատ Միրզոյանի արձագանքն իր բովանդակությամբ, տոնայնությամբ և բնույթով համահունչ կամ համապատասխան է եղել լրագրողների վարքագծին՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների և դրանց կապակցությամբ պետական քաղաքականության հետ կապված սոցիալական լարված իրավիճակը, և այն, որ լրագրողի հարցը (ռեպլիկը), տրվել է հարցազրույցից դուրս, ունեցել է սադրիչ բնույթ և Արարատ Միրզոյանի կողմից ընկալվել է որպես քաղաքական բնույթի հայտարարություն»,- նշված է հանձնաժողովի հրապարակած տեղեկանքում։
Միաժամանակ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարծում է, որ անձնական բնույթի վիրավորանք չպարունակող, մեղմ հանդիմանական և նախատական բնույթի քննադատական խոսքը, որը նաև իր բնույթով համարժեք է լրագրողի պահվածքին, չի կարող համարվել ոչ հարգալից վերաբերմունք։
Հիշեցնենք՝ մարտի 13-ին կառավարության նիստից հետո միջադեպ տեղի ունեցավ Արարատ Միրզոյանի և լրագրողների միջև։ Միրզոյանը նիստից հետո մերժեց լրագրողների ճեպազրույցի հրավերը։ Լրագրողներից մեկը հարցրեց` միայն թուրք լրագրողների հարցերի՞ն եք պատասխանում։ Միրզոյանը հունից դուրս եկավ։
«Ձեր ասածը համարում եմ վերին աստիճանի անդաստիարակ, անշնորհք ու ոչ արհեստավարժ»,- հայտարարեց նա։ Նախարարի և լրագրողի լեզվակռիվը շարունակվեց։
Sputnik Արմենիա