Կոստանյան․ Ուղեվարձի թերհավաքագրումները բերել են նրան, որ 45 տրոլեյբուսից 30-ը հնարավոր չի լինելու գնել

Հասարակական տրանսպորտի հետ կապված ցանկացած փոփոխություն որը իրականացնում է Երևանի քաղաքապետարանը, միտված է նրան, որ հավելյալ հավաքագրումների միջոցով նաև տրանսպորտային ցանցի բարելավում իրականացվի։ Այս մասին, այսօր՝ հունիսի 3–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե տրանսպորտի թանկացումներից հետո որքան են կազմել հավաքագրումները և դա ի՞նչ խնդիր է լուծել՝ քաղաքի բեռնաթափմա՞ն, թե՞ բյուջեն լցնելու։

«Մենք հիմա եկել, բախվել ենք մի շատ լուրջ խնդրի, որի մասին ես հիմա կխոսեմ։ Երբ տոմսային փաթեթները ներդրվեցին քաղաքապետարանի կողմից, փետրվարից մեր ընդդիմադիր գործընկերների ջանքերով հասարակական տրանսպորտում ստեղծվեց մի անհասկանալի և ինչ-որ չափով նաև անկառավարելի վիճակ, որը բերեց հասցրեց մի կետի, որ այս հինգ ամիսների ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի, Մետրոպոլիտենի և «էլեկտրական ավտոբուս» ՓԲԸ-ների կողմից, ընդհանուր հաշվով հավաքագրվել է շուրջ 6 միլիարդ 30 միլիոն դրամ։ Այս թվերը առաջին հայացքից ոչինչ չեն ասում, բայց հաշվի առնելով այն պատկերը, որ մենք ունենք և արդեն պատկերացնում ենք, թե հետագայում ինչ է լինելու, կասեմ հետևյալը, որ այդ ակցիաների արդյունքում, երբ մարդկանց ամեն կերպ համոզում էին, որ չվճարեն, ասելով, որ գինը անիմաստ է բարձրացել, 100 դրամ պետք է մնար, մենք հիմա ունենք մի վիճակ, երբ այս տարի Երևանի քաղաքապետարանը նախատեսել էր և հայտարարել էր, որ ձեռք է բերելու շուրջ 45 տրոլեյբուս, նախորդ տարի 15-ն էինք ձեռք բերել, բանից պարզվում է, որ արդեն էդ 45-ից 30-ը առնվազն հնարավորություն չի լինելու առնել, որովհետև թերհավաքագրումները բերել են նրան, որ էդ գումարը որպես էդպիսին չկա։

Հետևապես 30 նոր տրոլեբուսները, որը պետք է լիներ 45-ի մեջ, արդեն դուրս են եկել ցանկից։ Նման տեմպերով, եթե շարունակվեն հավաքագրումները, չի բացառվում, որ այդ 15 տրոլեբուսն էլ Երևանի քաղաքապետարանը չկարողանա ձեռք բերել»,–ասաց նա՝ հավելելով, որ սա առիթ կտա ընդդիմադիրներին ասելու, որ խոստացված 30 տրոյելբուսները չբերեցին։

«Ուզում եմ հատուկ շեշտել, որ ցանկացած հայտարարություն, ցանկացած բողոքի բորբոքում հղի է նման հետևանքներով։ Այդ չվճարումները բերել են բյուջեի տեսանկյունից որոշակի խնդիրների և Երևանի քաղաքապետարանը չի պատրաստվում, ասենք, հանրակրթության ոլորտ ից գումար կտրի և ներդնի հասարակական տրանսպորտի մեջ։

Այսինքն այն բոլոր չվճարումները, որ կատարվում են հասարակական տրանսպորտում, դա բերելու են նրան, որ նոր շարժակազմերը էլ ավելի ուշ են Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերվելու։

News.am