Վրաստանի գյուղատնտեսության նախարարը կայցելի Հայաստան

Վրաստանի գյուղատնտեսության նախարարը կայցելի Հայաստան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հայկական բեռնատարների խնդրին, որոնք շարունակում են շաբաթներով մնալ Վրաստանի սահմանին։

Նա հայտնեց, որ նախարաը կգա խնդրի լուծման նախնական փաթեթով։

«Հուսով եմ, որ լուծում կգտնենք, որովհետև այն իրավիճակը, որ մենք ունենք, շատ վտանգավոր է մեր բիզնեսի, գործարարների, խաղողագործների, կոնյակագործների համար։ Ես ինքս հակված եմ այդ օրը տարբեր ֆորմատներով հանդիպումներ կազմակերպելու։ Այսինքն՝ սենյակից դուրս չգանք, մինչև խնդիրը չլուծենք»,–հավելեց նա։

Լրագրողների հարցին, թե ինչն է խնդրի առաջացման պատճառը, ինչպես է մեկնաբանում վրացական կողմը, Գևորգ Պապոյանն ասաց, որ մեր հարևան երկիրը տարբեր ժամանակներում տարբեր խնդիրներ է դրել գործարարների առաջ։

Մանրամասների մասին նա հրաժարվեց խոսել, ասելով, որ դա կարող է բարդացնել իր գործը առաջիկա հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք` մայիսի 13-ին հայաստանյան կոնյակ արտադրողները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննությոն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։

Օրեր անց Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարեց, թե հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, և կատարվում են սովորական մաքսային ընթացակարգեր։

Այս հայտարարությունից դժգոհ տնտեսվարողները մայիսի 21-ին դարձյալ հավաքվեցին դեսպանատան մոտ` Վրաստանի իշխանություններից պահանջելով լուծել խնդիրը։

Sputnik Արմենիա