Գրոսսին հայտարարել է, որ Զապորոժյեի ԱԷԿ-ի գործարկումը մոտ ապագայում անհնար է
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Զապորոժյեի ԱԷԿ-ի գործարկման պայմաններ այս պահին գոյություն չունեն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «TACC»-ը։
«Մենք այն վիճակում չենք, որ Զապորոժյեի ԱԷԿ-ը կարողանա վերագործարկվել մոտ ապագայում։ Մենք դեռ շատ հեռու ենք դրանից, դա բավականին երկար ժամանակ կպահանջի», - ասել է Գրոսսին։
Նրա խոսքով՝ խոչընդոտող հիմնական պատճառներն են ռեակտորները սառեցնելու համար բավարար ջրի մակարդակի և արտաքին էլեկտրամատակարարման բացակայությունը։
Ավելի վաղ Գրոսսին ժամանել էր Կիև՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի և երկրի էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոյի հետ հանդիպման համար։ Գործակալության ղեկավարը նշել է, որ սա իր 12-րդ այցն է Ուկրաինա։