Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու դեպք է հաստատվել

Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նշենք, որ սա այս տարվա ընթացքում լաբորատոր հաստատված առաջին դեպքն է։ Նախորդ տարվա սեպտեմբերի տվյալներով՝ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից մահացել էր 4 մարդ, հաստատվել էր տենդի 128 դեպք։

«Դեպքը հաստատվել է հունիսի 3-ին»,– ասված է նախարարության հաղորդագրությունում։

Հիշեցնենք` Արևմտյան Նեղոսի տենդը հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող տրանսմիսիվ վիրուսային հիվանդություն է: Ունի հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից մինչև հոկտեմբեր՝ պայմանավորված մոծակների բազմացման և տարածման համար բարենպաստ պայմաններով։

Վարակը մարդուց մարդուն չի փոխանցվում։

Վարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշաններ չեն զարգանում, այսինքն՝ մարդիկ չգիտեն, որ վարակված են այդ հարուցիչով։ Մնացած դեպքերում մարդկանց մոտ կարող են ախտանշաններ լինել ջերմության, գլխացավի, ցանի տեսքով։ Հիվանդության ինկուբացիոն շրջանը կարող է տևել 2-3 շաբաթ, բայց ավելի հաճախ տևում է 3-6 օր։ Վարակված մարդու ջերմությունը կարող է բարձրանալ 38-40 աստիճան, դողէրոցք սկսվել։ Հիվանդությանը բնորոշ են ուժեղ գլխացավը, փսխումները։ Վիրուսը բարդացման փուլում կարող է առաջացնել ընդհուպ մենինգոէնցեֆալիտ, որը միաժամանակ ուղեղի թաղանթի և ուղեղի բորբոքումն է։

Sputnik Արմենիա