Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Թուրքիայի հետ երկխոսությանն աջակցելու համար
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Թուրքիայի հետ երկխոսությանն աջակցելու համար։
«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ադրբեջանին Իսրայելի և Թուրքիայի միջև երկխոսության խթանման և տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում ունեցած դերի համար»,- նշվել է Իսրայելի վարչապետի շնորհավորական ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ, որը նշվել է մայիսի 28-ին: Ուղերձի տեքստը հրապարակվել է ադրբեջանական պետության ղեկավարի կայքում:
Նեթանյահուն նաև ընդգծել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի շարունակական աջակցությունը հրեական համայնքին և մշակույթին, ինչպես նաև «հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելին ցուցաբերած ամուր համերաշխությունը»՝ նշելով, որ Բաքուն ցուցադրել է «կարեկցանքի և բարեկամության անմոռանալի օրինակ»։
«Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերությունները խոր պատմական արմատներ ունեն, և դրանք ավելի են ամրապնդվել ընդհանուր արժեքների, երկու ժողովուրդների միջև ամուր բարեկամական կապերի շնորհիվ։ Տարիների ընթացքում մենք զարգացրել ենք գործընկերություն, որը հիմնված է փոխադարձ վստահության, բարի կամքի և մեր կառավարությունների ու ժողովուրդների միջև անկեղծ հարգանքի վրա»,- նշվել է ուղերձում։
Իսրայելի վարչապետը նաև ափսոսանք է հայտնել, որ նա ստիպված էր հետաձգել մայիսի սկզբին Ադրբեջան «երկար սպասված այցը՝ «անկանխատեսելի իրավիճակի պատճառով» աշխատանքային գրաֆիկը փոխելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ «Այնուամենայնիվ, ես անկեղծորեն հույս ունեմ, որ մենք հանդիպում կնշանակենք ձեզ հարմար ժամանակ՝ կամ Իսրայելում, կամ Ադրբեջանում, որպեսզի շարունակենք քննարկել մեր ընդհանուր շահերն ու ցանկությունները»,- ընդգծել է Նեթանյահուն։
News.am