Վերջին երկու ամիսներին ԿԽՄԿ-ն չի հանդիպել Բաքվում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) վերջին անգամ տեսակցել է Բաքվում պահվող հայ գերիներին 2025 թվականի մարտին։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հանրային կապերի ղեկավար Զառա Ամատունին։

«Մեր կազմակերպությունը իշխանությունների հետ բանակցում է, որպեսզի որոշակի հարցերում ունենա շարունակական ներկայություն և աջակցություն։ Թե ինչ ձևաչափով է այն իրականացվելու, չեմ կարող ասել, իսկ այն ձևաչափը, որով հնարավոր էր այցելել հայ գերիներին, վերջին անգամ իրականացվել է մարտ ամսին», – նշել է Ամատունին։

Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտին Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, որ չեն երկարաձգելու ԿԽՄԿ-ի մանդատը երկրում՝ նշելով, որ այլևս չեն տեսնում միջազգային կառույցի անհրաժեշտությունը։

Այս որոշումը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մի շարք շրջանակներում, քանի որ ԿԽՄԿ-ն կարևոր դեր ունի պատերազմական գերիների և պահվող անձանց վիճակի մշտադիտարկման և աջակցման գործում։