Վահան Քերոբյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել բյուջեի միջոցների չարաշահման համար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, խախտել է ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերի պահանջները, հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ խոսքը Էկոնոմիկայի նախկին նախկին նախարար Վահան Քերոբյանի եղբոր՝ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի մասին է։

Ըստ կոմիտեի՝ նա առանց անհրաժեշտության նա նախաձեռնել է շուրջ 360 միլիոն դրամի արժեքով աշխատանքների ձեռքբերման պայմանագրերի կնքում, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեի միջոցներից անհարկի հատկացվել է նշված գումարը։ Հետաքննության տվյալներով՝ պայմանագրերով նախատեսված աշխատանքների կարիք չի եղել, ինչի հետևանքով խախտվել է պետական պատվերի ձևավորման կարգը և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ երեք դրվագով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։