Զելենսկին պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի պահանջները «թյուրիմացություն» է անվանել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմին վերջ տալու պայմաններով Ռուսաստանի հուշագիրն անվանել է «առավելագույն վերջնագիր», հայտնում է «Суспільне»-ն:

Փաստաթղթի գլխավոր կետը, որը պահանջում է ճանաչել Ուկրաինայի հինգ շրջանների անեքսիան և այդ տարածքներից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը, նա անվանել է «թյուրիմացություն»:

«Դա հաստատ հակասում Է ՄԱԿ-ի կանոնադրությանը, առողջ բանականությանը և Ուկրաինայի Սահմանադրությանը ։ Նրանք, ի դեպ, գիտեն այդ մասին։ Սա այս պատերազմի համար Պուտինին ամենամեծ պարգևի պահանջն է», – ասել է Զելենսկին։

Ըստ նախագահի՝ Ուկրաինան չի ստացել իր սեփական հուշագրի պատասխանը, որն ուղարկվել է Կրեմլ երկու լեզուներով: Ուկրաինական հուշագիրն առաջարկում է հրադադար միջազգային վերահսկողության ներքո, գերիների փոխանակում, տեղահանված երեխաների վերադարձ, անվտանգության երաշխիքներ և հրադադարից հետո տարածքների հարցի քննարկում:

Ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը տեղի էր ունեցել հունիսի 2-ին Ստամբուլում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել էր որպես հաջորդ քայլ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ առաջնորդների հանդիպում կազմակերպել Անկարայում և Ստամբուլում:

Armenia Today