Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը հուլիսից կփոխվի
Շենգենյան վիզայի դիմումների ընդունման կարգը 2025 թվականի հուլիսից կփոխվի՝ դիմումները կընդունվեն միայն TLScontact-ում, տեղեկացրել է Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը:
«Դեսպանության միջոցով պայմանավորվածություն ստանալը այսուհետ հնարավոր չէ», – նշված է հայտարարության մեջ:
Բացի այդ, նշվում է, որ փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը, և կերկարի սպասելաժամանակը։
«Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը։ Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին», – նշել է դեսպանությունը։
Ապրիլից մեկնարկել է Եվրամիության հետ վիզաների ազատականացման բանակցությունների երկրորդ փուլը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 9-ին հայտնել էր, որ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը շարունակվում է լայն թափով:
Վերջին 2 տարիներին Հայաստանի բնակիչները պարբերաբար դժգոհում են շենգենյան վիզաների տրամադրման խնդիրներից՝ ԵՄ մեկնելու համար այն որոշ դեպքերում մերժվում է, մյուս դեպքերում՝ դեսպանատներում գրանցվելն է երկարատև ու նաև բարդ գործընթաց դարձել:
Armenia Today