«ՀՈՒՍՈՎ ԵՄ՝ ՊԱՇՏՈՆԻՆ ՀՐԱԺԵՇՏ ՉՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ Է ՆՄԱՆ ՊՆԴՈՒՄ ԱՆՈՒՄ»

Աբրահամյանն արձագանքել է թշնամու «ոչ թիրախային» կրակոցների մասին ԳՇ պետի պնդմանը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը արձագանքել է ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին, ով այսօր լրագրողների հետ զրույցում պնդել էր, թե ադրբեջանցիները թիրախային կրակահերթեր «չեն արձակում» հայկական գյուղերի ուղղությամբ։

Աբրահամյանն Ասրյանի այս պնդման կապակցությամբ գրել է

«ԶՈւ Գլխավոր շտաբի պետն, անդրադառնալով սահմանագծին առկա իրադրությանն ու այդ համատեքստում ադրբեջանական կրակահերթերին, ասել է, թե «այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային և թիրախային չեն», ապա ավելացրել, որ այն դեպքերում, երբ թիրախային է` պաշտոնական հաղորդագրություն է տրվում:

Միևնույն մտքում երկու հակասական ձևակերպում: Եթե ՊՆ-ն որոշակի պարբերականության տեղեկատվություն է տալիս մարդկանց տների կամ նրանց պատկանող անասունների թիրախավորման մասին, ապա ստացվում է, որ Ադրբեջանը կոնկրետ նպատակ ունի և թիրախավորված կրակ է վարում: Չեմ հասկանում խուճուճ, վախվորած, իրարամերժ նախադասությունների արտաբերման իմաստը:

ԳՇ պետը կարծում է, որ կրակոցների նպատակը մեր զինվորների և սահմանամերձ բնակչության վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար է, սակայն ավելացնում է, թե` «բայց մենք դրան ուշադրություն չենք դարձնում»:

Այսինքն` թշնամիդ հասարակության նկատմամբ ահաբեկչությանը հատուկ գործողություն է մղում, ինչը պաշտոնապես հաստատում են, սակայն ԳՇ պետը հպարտորեն ավելացնում է, որ դրա վրա իշխանությունը ուշադրություն չի դարձնում:

Ստացվում է, որ Ադրբեջանի` Հայաստանին առաջադրված սադրանքներն ու դրա ազդեցությունը հասարակության վրա հաստատում են, սակայն խոստովանում են, որ իշխանությունը հանցավոր անգործություն է դրսևորում:

ԳՇ պետը, հղում անելով գործող կառավարչին, պնդել է, որ «ՀՀ վարչապետը բավականին հիմքեր ունի ասելու, որ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»։

Հուսով եմ, որ ԳՇ պետը զուտ գլխավոր կառավարչին չհակադրվելու և պաշտոնին հրաժեշտ չտալու համար է նման պնդում անում, իսկ մտքում և իր ամենօրյա աշխատանքում առաջնորդվում այն սկզբունքով, որ հենց վաղը կարող է պատերազմ սկսվել»:

Aysor.am