Սկանդալային նախագծի շուրջ կրքեր են բորբոքվում. ԶՈՒ գլխավոր շտաբը դեմ է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած և կառավարության հավանությանն արժանացած` գումարի դիմաց բանակից ազատվելու աղմկահարույց նախագծի շուրջ ՔՊ-ում նոր կրքեր են բորբոքվել։ Անցած շաբաթ ԱԺ-ում տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ ՔՊ-ականները բացահայտել են, որ ԶՈՒ գլխավոր շտաբը նախագծի վերաբերյալ բացասական կարծիք է հայտնել, գրել են` «Դեմ ենք»:
Փակ նիստին ներկա ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն անձամբ է տեղեկացրել այդ մասին՝ չթաքցնելով տարակուսանքը, թե ինչու է իրենց եզրակացությունից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախագիծը ներկայացրել կառավարության նիստում և ամեն ինչ արել, որ դրական եզրակացություն ստանա։
Պապիկյանն արդարացել է, թե զորակոչի պակաս և այն լրացնելու խնդիր ունեն, պետք է քայլեր ձեռնարկեն, սակայն նրա պատասխանն էլ ավելի է խճճել իրավիճակը՝ ինչու և ում շահերից ելնելով է ՊՆ ներկայիս ղեկավարը դեմ գնացել շտաբի պրոֆեսիոնալ դիրքորոշմանը։ Երեկ մեր լրագրողն ԱԺ-ում Ասրյանից փորձել է պարզել, թե ինչ դիրքորոշում ունի նախագծի վերաբերյալ, հարցրել է՝ ճի՞շտ է, որ ԳՇ-ն բացասական եզրակացություն է տվել, սակայն ԳՇ պետը համառորեն չի պատասխանել ոչ մի հարցի և չի հերքել այդ տեղեկությունը՝ ասելով, որ մոտ ապագայում կներկայացվի իրենց դիրքորոշումը։
Անցած շաբաթվա փակ նիստում ՔՊ-ականներին Ասրյանի դիրքորոշումն ավելի է ոգևորել, և նրանք Հայկ Սարգսյանին հորդորել են՝ կա՛մ հետ կանչել նախագիծն օրակարգից, կա՛մ իրենք են մերժելու։ Նախագիծն ընդգրկված է պաշտպանության հանձնաժողովի հունիսի 13-ի օրակարգում։
Verelq.am