ՏՆԱՅԻՆ ԿԱՏՈՒՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԱԿ ԵՆ ԶԱՆԱԶԱՆԵԼ ԻՐԵՆՑ ՏԻՐՈՋ ՀՈՏԸ ԱՆԾԱՆՈԹՆԵՐԻ ՀՈՏԻՑ

Նոր հետազոտությունը պարզել է, որ տնային կատուներն ընդունակ են զանազանել իրենց տիրոջ հոտը անծանոթների հոտից։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Plos One գիտական հանդեսում։

Տոկիոյի գյուղատնտեսական համալսարանի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ կատուները՝ իրենց տիրոջ հոտը պարունակող փորձասրվակների համեմատ զգալիորեն ավելի շատ ժամանակ են ծախսում անծանոթ մարդկանց հոտերը պարունակող փորձասրվակները շնչելու վրա։

Ըստ գիտնականների՝ դա վկայում է, որ կատուները կարող են զանազանել ծանոթ և անծանոթ մարդկանց՝ հիմնվելով նրանց հոտի վրա, սակայն պարզ չէ՝ կարո՞ղ են արդյոք նրանք նույնականացնել կոնկրետ մարդկանց։ Հայտնի է, որ կատուներն օգտագործում են իրենց սուր հոտառությունը՝ այլ կատուներին ճանաչելու և նրանց հետ շփվելու համար, սակայն գիտնականները դեռ չեն ուսումնասիրել՝ արդյոք նրանք կարո՞ղ են այն օգտագործել նաև մարդկանց զանազանելու համար։

Կատուների՝ մարդկանց ճանաչման նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք ընդունակ են զանազանել ձայները, մեկնաբանել ինչ-որ մեկի հայացքը՝ սնունդ հայթայթելու համար և փոխել իրենց վարքը՝ ըստ մարդու հուզական վիճակի, որը կարելի է ճանաչել հոտառությամբ:

Նոր ուսումնասիրության մեջ գիտնականները 30 կատվի տիրոջ կամ նույն սեռի անձի (որին նրանք երբեք չէին հանդիպել) բույր պարունակող վիրախծուծ (տամպոն) պլաստիկե փորձասրվակներ են բաժանել։

Հոտավետ վիրախծուծները քսում էին թևատակին, ականջի ետևին և տիրոջ կամ անծանոթի ոտքերի մատների արանքում։

Հետազոտողները նշել են, որ կատուներն իրենց տիրոջ կամ դատարկ փորձասրվակի համեմատ զգալիորեն ավելի շատ ժամանակ են ծախսել անծանոթ մարդկանց հոտերը շնչելու վրա, ինչը ենթադրում է, որ նրանք կարող են զանազանել ծանոթ և անծանոթ մարդկանց հոտերը:

News.am