Լոռիում ջրհեղեցից քանդված կամուրջների խնդիրը կլուծվի
Կառավարությունը նախատեսում է Իրանից ձեռք բերել կամուրջ, որը կլուծի Լոռու մարզում Մ-6 ավտոճանապարհը Ախթալա բնակավայրի հետ կապելու խնդիրը։
Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանն ասաց, որ երբ ջրհեղեցը եղավ՝ այնտեղ խնդիր կար ժամանակավոր կամուրջ տեղադրելու, որը ձեռք բերեցին Իրանից։ «Վերջերս ես այցելեցի ու անկեղծ ասած՝ էդ կամուրջը ժամանակավորի տպավորություն չի թողնում, տեսքն էլ բավականին լավն է։ Հիշում եք՝ ասում էի, որ այնտեղ կոլորիտին համապատասխանող կամուրջներ կնախագծենք ու կտեղադրենք, բայց տեղում այդ կամուրջը տեսնելով, որն այս պահին միակողմանի է աշխատում, այսինքն, 2 մեքենա միաժամանակ չի կարող անցնել, ուղղակի տեղում համոզվեցինք, որ եթե էդ կամուրջի կողքը ևս մեկը դնենք՝ դա շատ երկար կծառայի ու մենք հանգիստ ժամանակ կունենանք նախագծելու ու այլ տարբերակներ մտածելու»,-ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ այդ կարող է օգտակար լինել նաև Գանձաքար-Իծաքար հատվածում։ «Ճանապարհի վրա մենք պատմամշակութային հուշարձան կամուրջ ունենք, այնտեղ մենք նոր կամուրջ կառուցելու խնդիր ունենք։ Ես այցելեցի այնտեղ ու եկա այն համոզման, որ այնտեղ մենք անտառի մեջ կարող ենք 2 հատ նույն կամրջից կտեղադրել, քանի որ անտառի մեջ, եթե կապիտալ շինարարություն անենք՝ մեծ շինհրապարակ ենք բացելու, իսկ այս տարբերակով ծառերին նվազագույն վնաս կհասցնենք, կարող է պարզվի՝ ծառ կտրելու անհրաժեշտություն էլ չկա։ Այդ կամուրջներն էլ կինտեգրվեն շրջակա միջավայրին»,-ասաց նա։
«Փաստինֆո»