ԱՐՑԱԽԸ ՓՈՐՁԱԴԱՇՏ ԷՐ. ԱԼԻԵՎՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ ՓՈՐՁԱՐԿԵՑԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ո՞րն է Բաքվի և Անկարայի Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջների հիմնարար պատճառը
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր «խաչակրաց արշավանքը» Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, ինչը լիովին համահունչ է Ադրբեջանի իշխանությունների հակաեկեղեցական և հակահայկական հայտարարություններին, թուրք «բնապահպանները» հարձակվում են Մեծամորի ԱԷԿ-ի վրա։
Հունիսի 1-ին Թուրքիայում 33 կազմակերպություններ, որոնք զբաղվում են շրջակա միջավայրի և մարդու իրավունքների հարցերով, ակցիա են անցկացրել Իգդիրում՝ կոչ անելով փակել Հայաստանի Մեծամորի ատոմակայանը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Ակցիայի մասնակիցները նշել են, որ չնայած 2025 թվականին լրանում է կայանի շահագործման ժամկետը, այն շարունակում է գործել։ Մերսինի Բնության և Շրջակա Միջավայրի Ասոցիացիայի նախագահ Սաբահաթ Ասլանը հայտարարել է, որ Մեծամորի ԱԷԿ-ը ծայրաստիճան բացասական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա, հատկապես Իգդիր նահանգում։
Հարկ է հիշեցնել, որ Լաչինի միջանցքի արգելափակումը նույնպես սկսեցին «բնապահպանները», բայց արդեն՝ ադրբեջանցի «բնապահպանները»։ Այսօր մենք տեսնում ենք, որ այդ նույն մեխանիզմը մտադիր են կիրառել Հայաստանի դեմ։ Վերլուծաբանները, որոնք կարողանում են կանխատեսել իրադարձությունների զարգացումը ավելի հեռուն, քան «1-2 քայլ շախմատային կոմբինացիայում», դեռևս 2023 թվականին զգուշացնում էին, որ Արցախը պարզապես փորձադաշտ էր Բաքվի և Անկարայի համար, որտեղ մշակվում էր պետության կազմաքանդման մեխանիզմը։
Արցախի դեպքում դա հաջողվեց, Գազայի հատվածում նույնպես աշխատում է, և այս պատճառով Ադրբեջանում համոզված են, որ նույնը կարող են փորձել Հայաստանի դեմ։ Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, երբ Տավուշի մարզում Վրաստանից եկող գազատարի հարակից տարածքները հանձնելուց հետո ՀՀ իշխանությունները կրկին, «սահմանազատման» պատրվակով, թշնամուն հանձնեն Տիգրանաշենը։ Այս դեպքում Բաքուն կստանա ֆիզիկական հնարավորություն արգելափակելու և՛ Իրանից եկող գազատարը, և՛ Վրաստանից ու քայլ առ քայլ կրկնելու Հայաստանի հետ այն, ինչ արեցին Արցախի Հանրապետության հետ։
Թուրք և ադրբեջանցի «բնապահպանների» ակցիաները բացահայտ ցույց են տալիս, որ Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև խնդիրը Արցախում չէր։ Արցախի Հանրապետությունը պարզապես պատրվակ էր Հայաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու համար (չէ՞ որ փակ սահմանը նույնպես պատժամիջոց է)։ Հարցն այն է, որ Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, բացակայում է Բաքվի և Անկարայի ռազմավարական ծրագրերում։ Արցախի անկումը պարզապես մոտեցրեց Թուրքիան և Ադրբեջանը իրենց նպատակին։
Կարևոր է նաև հասկանալ, որ Հայաստանը փորձադաշտ է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլև ԱՄՆ-ի համար։ Ավելին՝ թուրք և ադրբեջանցի «բնապահպանների» ակտիվությունը Մեծամորի ԱԷԿ-ի դեմ օգտագործվում է Վաշինգտոնի կողմից՝ Հայաստանում մոդուլային ԱԷԿ կառուցելու գաղափարը առաջ մղելու համար։ Նմանատիպ կայաններ աշխարհի որևէ երկրում չկան (որպես երկրի էներգետիկ համակարգի մաս)։ Եթե ԱՄՆ-ն կառուցի այն Հայաստանում, ապա կփորձի «վաճառել» այս նախագիծն այլ երկրներին։
Հայաստանին քիչ էին կենսաբանական լաբորատորիաները, հիմա էլ խաղաղ ատոմի փորձարկումներ են լինելու…
Մտածե՛ք այդ մասին․․․»։