ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆ․ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ԽԱԽՏՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված խախտում է քրեական իրավունքի հիմնարար սկզբունքները։ Այս մասին նշված է մեղադրական եզրակացության վերաբերյալ Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանի մեկնաբանության մեջ։

Ըստ Բերմանի՝ նախ խախտվել է «անհատական պատասխանատվության սկզբունքը»։

«Ժամանակակից քրեական իրավունքի հիմնարար սկզբունքը կոնկրետ արարքների անհատական պատասխանատվությունն է։ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն, քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն այն անձը, որը մեղավոր է ճանաչվել հանցանք կատարելու մեջ։ Մեղադրանքը պետք է հիմնված լինի կոնկրետ անհատի գործողությունների և ենթադրյալ հանցավոր արարքների միջև պատճառահետևանքային ուղիղ կապի հաստատման վրա»,- նշում է Բերմանը։

Հավելում է՝ այս գործում կարևոր է հստակ տարբերակել ամբաստանյալի անձնական պատասխանատվությունը հավաքական կամ երրորդ անձանց արարքների համար պատասխանատվությունից, հակառակ դեպքում դա կհակասի քրեական իրավունքի հիմնարար սկզբունքներին։

Ըստ Բերմանի՝ հաջորդ հիմնարար սկզբունքն արդար դատաքննության միջազգային չափանիշներն են։ Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից կողմ է, ինչը պարտավորեցնում է պահպանել արդար դատաքննության չափանիշները։

«Այս դրույթները ապահովում են արդար, անկախ և անաչառ դատաքննության իրավունք յուրաքանչյուրի համար, նաև՝ անմեղության կանխավարկած, իրավաբանական օգնության, մեղադրանքի բնույթի և պատճառների մասին տեղեկացված լինելու, մեղադրանքի և պաշտպանական կողմի վկաներին հարցաքննելու և թարգմանչի իրավունք։ Այս չափանիշների խախտումը կասկածի տակ է դնում դատավարության օրինականությունը և կարող է հանգեցնել ամբաստանյալի հիմնարար իրավունքների խախտմանը»,- ընդգծում է փաստաբանը։

Մյուս սկզբունքն արարքների որակավորումն ու իրավական հստակությունն է, ըստ որի՝ արարքների որակավորումը պետք է խստորեն իրականացվի քրեական այն օրենսդրության համաձայն, որն ուժի մեջ է եղել տվյալ արարքի կատարման պահին։ Ցանկացած երկիմաստություն պետք է լուծվի մեղադրյալի օգտին։

««Չկա հանցանք, չկա պատիժ առանց օրենքի» սկզբունքը քրեական իրավունքի հիմնարար սկզբունքներից է աշխարհի իրավական համակարգերի մեծ մասում։ Այն նշանակում է, որ ոչ ոք չի կարող մեղավոր ճանաչվել, եթե տվյալ արարքն օրենքով հանցագործություն չի համարվել այն կատարելու պահին»,- հավելում է Բերմանը։

Այս սկզբունքի համաձայն՝ բարեգործական և մարդասիրական գործունեությունը, ներառյալ մշակութային ժառանգության օբյեկտների վերականգնումը և բնակչությանը սոցիալական օգնության տրամադրումը չեն կարող համարվել անօրինական՝ առանց օրենքով սահմանված իրավական խախտումների և ապացուցված հանցավոր մտադրության։

Բերմանը ևս երկու սկզբունք է մատնանշում՝ «միջազգային պարտավորություններ և իրավունքի ընդհանուր սկզբունքներ» և «դատավարական երաշխիքների պահպանումը», այդ թվում՝ որակավորված իրավաբանական օգնության, գործի նյութերին ծանոթանալու հնարավորության տրամադրում և այլն։

«Քրեական պատասխանատվությունը կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ խստորեն պահպանվում է անհատական պատասխանատվության սկզբունքը, գործողությունները որակավորվում են իրավական հստակության սկզբունքով, հարգվում են միջազգային պարտավորությունները և լիովին պահպանվում են դատավարական երաշխիքները։ Այս սկզբունքներից որևէ մեկի խախտումը կասկածի տակ է դնում քրեական հետապնդման և դատավարության օրինականությունն ու արդարությունը»,- շեշտում է Բերմանը։

Նա ընդգծում է, որ շարունակելու է հետևողականորեն պաշտպանել օրինականության սկզբունքի խիստ պահպանումը Ադրբեջանի օրենսդրության շրջանակում։

Ադրբեջանում հունվարի 17-ից շինծու դատական գործընթաց է ընթանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դեմ: Մեղադրյալների թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը և խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը:

Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Չնայած մյուս մեղադրյալների գործերի հետ նյութերը միավորելու նրա միջնորդությանը, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:

Sputnik Արմենիա