Վրաստանում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Վևաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանը հայտարարել է դիվանագիտական ծառայությունից հեռանալու և թոշակի անցնելու մասին։ Այս մասին հայտարարությունը տեղադրվել է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում։ Դանիգանն ընդգծել է, որ իր որոշումը բացառապես անձնական բնույթ է կրում և կապ չունի Վաշինգտոնի դիրքորոշման հետ։

 «Սա իմ անձնական ընտրությունն է։ ԱՄՆ կառավարությունը չի խնդրել իմ հետկանչը։ Իմ ընտանիքն ու ես խորապես հուզված ենք վրաց ժողովրդի ջերմությամբ և հյուրընկալությամբ, որը մենք զգացել ենք այս հրաշալի երկրում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում։ Մենք հիացած ենք վրացիների սրտաբացությամբ, էներգիայով և անկեղծությամբ։ Այսօր ես անկեղծորեն հավատում եմ, որ մեր ժողովուրդների ընդհանուր արժեքները կշարունակեն ամրապնդել Վրաստանի և ԱՄՆ-ի եզակի գործընկերությունն ու բարեկամությունը», – նշել է դեսպանը։

Դանիգանը տեղեկացրել է, որ մինչև իր լիազորությունների ավարտը՝ հուլիսը, մտադիր է ակտիվ աշխատել երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ։

Դանիգանը ԱՄՆ դեսպանի պաշտոնը Վրաստանում ստանձնել է 2023 թվականին՝ փոխարինելով Քելի Դեգնանին, որը Վաշինգտոնի շահերն էր ներկայացնում այդ երկրում 2020 թվականից։ Մինչ այդ նա զբաղեցրել է առանցքային պաշտոններ ԱՄՆ Պետդեպարտամենտում, այդ թվում՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև աշխատել է ԱՄՆ դեսպանատներում Վիետնամում, Թուրքիայում, Չիլիում, Կուբայում և այլ երկրներում։

Դանիգանի հրաժարականի հայտարարությունն արվել է վրաց-ամերիկյան հարաբերությունների բարդ ժամանակահատվածում։ 2024 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ը դադարեցրել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը, ինչն էլ պատճառ է դարձել, որ Վրաստանի կառավարությունը կոչ անի «վերաբեռնման» և երկխոսության նոր էջից սկսելու։ Իսկ նախօրեին հայտնի է դարձել, որ Թբիլիսիում փակվում է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնը։

Armenia Today