«Կներեք, բայց էլ չեմ դիմանում». ի՞նչ սև կատու է անցել Թրամփի ու Մասկի միջև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և աշխարհի ամենահարուստ մարդը՝ գործարար Իլոն Մասկը, սկսել են քննադատել միմյանց ամերիկյան առաջնորդի ոչ միանշանակ հարկային նախագծի պատճառով:

Թրամփի One Big Beautiful Bill («Մի մեծ, գեղեցիկ բիլլ») տնտեսական օրինագիծը ենթադրում է 2017 թվականին հանրապետականների կողմից սահմանված հարկային մեղմացումների երկարաձգում: Բացի այդ, այն վերացնում է թեյավճարներից և արտաժամյա աշխատանքի վճարումներից գանձվող հարկերը, բարձրացնում է պետական պարտքի առաստաղը մինչև 4 տրիլիոն դոլար, հարկային արտոնություններ է սահմանում ավտովարկերի տոկոսների վճարման համար և այլն: Կրճատվում են նաև սոցիալական պաշտպանության ծրագրերի ծախսերը` ինչպիսին է օրինակ Medicaid-ը (առողջության ապահովագրության ծրագիր ցածր եկամուտ ունեցող և հաշմանդամ քաղաքացիների համար):

Վերլուծաբանների կարծիքով` նախագիծը կարող է հաջորդ տասնամյակի ընթացքում դաշնային բյուջեի դեֆիցիտն ավելացնել 2-ից մինչև 4 տրիլիոն դոլարով:

Բոլորովին վերջերս Մասկը հայտարարել էր, որ նույնիսկ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավարի պաշտոնից հրաժարվելուց հետո կշարունակի լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընկերն ու խորհրդականը: Սակայն շուտով սկսեց X սոցցանցում քննադատությունները օրինագծի վերաբերյալ:

«Կներեք, բայց էլ չեմ դիմանում: Ծախսերի մասին այդ հսկայական վրդովեցուցիչ, «խոզի մսով» լի (ընտրողների սահմանափակ խմբի շահերից ելնող) բիլլը զզվելի գարշանք է: Ամոթ նրանց, ովքեր քվեարկել են դրա օգտին. դուք գիտեք, որ վատ եք վարվել»,-գրել է Մասկը։

Նա շարունակում է քննադատել նախագիծը և Թրամփին սոցիալական ցանցերում՝ հիշեցնելով նախագահի նախկին հայտարարությունները պետական պարտքի ավելացման անթույլատրելիության մասին:

Ի պատասխան՝ Թրամփը հայտարարել է, որ Մասկը պետք է քննադատեր անձամբ իրեն, այլ ոչ թե իր «մեծ ու հրաշալի օրինագիծը»:

«Ես կարող եմ հասկանալ, թե ինչու է նա վրդովված ... Լսեք, ես և Իլոնը հիանալի հարաբերություններ ունեինք: Ինձ միշտ դուր է եկել Իլոնը․․․ ես կնախընտրեի, որ նա քննադատեր ինձ, այլ ոչ թե օրինագիծը, քանի որ օրինագիծն անհավանական է»,-հայտարարել է Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ։

ԱՄՆ նախագահն ասել է, որ հիասթափված է Մասկից, որը շատ էր աշխատում և լավ։

Նշենք, որ Մասկը շարունակում է Թրամփի հասցեին քննադատական գրառումներ անել X-ում:

Նախագիծն ընդունվել է անցյալ ամիս Ներկայացուցիչների պալատի կողմից՝ մեկ ձայնի առավելությամբ։ Սպասվում է, որ Սենատը, որը նույնպես հանրապետականներն են վերահսկում, այն կընդունի հաջորդ ամիս: Ընդ որում, հնարավոր է, որ այն վերաշարադրվի։

Sputnik Արմենիա