Կոնստանտին ՍԻՎԿՈՎ․ ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուս ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչով են թելադրված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակառուսական քայլերն ու «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին Բաքվի նոր հայտարարությունները:

 

Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանի հակառուսական գործողությունները թելադրված են Արևմուտքի կողմից գործադրվող ուժեղ ճնշումներով։

«Այս պահին միանգամայն ակնհայտ է, որ Ադրբեջանը թուրքամետ և արևմտամետ քաղաքականություն է վարում։ Եվ այդ կուրսը անբարյացակամ է Ռուսաստանի նկատմամբ։ Ադրբեջանի նման գործողությունները թելադրված են մայիսի 9-ին նախորդող շրջանում ադրբեջանական «իսթեբլիշմենթի» վրա գործադրված հզորագույն ճնշմամբ։ Զորահանդեսին ներկա էր ադրբեջանական զորախումբը, իսկ ինքը՝ Իլհամ Ալիևը չկար, և դրանից կարելի է եզրակացնել, որ Իլհամ Ալիևը ենթադրում էր ներկա գտնվել զորահանդեսին, բայց նրա վրա լուրջ ճնշում գործադրվեց և նա դա չկարողացավ անել: Հաշվի առնելով այն, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումն արդեն Մոսկվայում էր, նրանց չեն տարհանել, և նրանք, այնուամենայնիվ, մասնակցել են շքերթին։

Ո՞րն է նման գործողությունների պատճառը: Ակնհայտ է, որ շքերթը խափանելու ցանկությունը, այս շքերթում ՌԴ-ի դիվանագիտական հաջողությունները նվազագույնի հասցնելու ցանկությունը, քանի որ ներկայիս պայմաններում Հաղթանակի շքերթին օտարերկրյա պետությունների առաջնորդների ժամանումը Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների հանրային ցուցադրություն է: Եվրոպական պետությունների կողմից շատ ուժեղ ճնշում է գործադրվել բոլոր երկրների առաջնորդների վրա, և այդ առաջնորդների խոցելիությունը կարելի է գնահատել նրանց՝ Մոսկվա զորահանդեսին ժամանելու կամ չժամանելու փաստով», — ասել է Սիվկովը։

Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանը կարձագանքի Ադրբեջանի հակառուսական գործողություններին՝ ՌԴ-ի դեմ պատերազմ վարելու համար Ուկրաինային բացահայտ ռազմական աջակցություն ցուցաբերելու համար:

«Ռուսաստանը կարձագանքի Ադրբեջանի գործողություններին, եթե տեղի ունենան հետևյալ իրադարձությունները։ Առաջինը՝ Ադրբեջանը կսկսի բացահայտորեն Ուկրաինա մատակարարել սպառազինություն, ռազմական տեխնիկա, զինամթերք՝ ՌԴ-ի դեմ պատերազմ վարելու համար։ Երկրորդ՝ եթե Ադրբեջանն այնտեղ ռազմական մասնագետներ ուղարկի՝ Ուկրաինային ռազմական գործողություններ վարելու հարցում աջակցելու համար։ Երրորդ՝ եթե Ադրբեջանը քաղաքական-դիվանագիտական աջակցություն ցուցաբերի Ուկրաինային։ Իսկ այն, որ այժմ Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկում Ուկրաինա, դրանում ոչ մի առանձնահատուկ բան չկա, քանի որ պարզապես մարդասիրական օգնությունը զենք չէ», — նշել է Սիվկովը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի՝ «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններին, փորձագետի կարծիքով՝ Ալիևի նոր հավակնությունների մասին հայտարարությունները, տվյալ դեպքում «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ, Փաշինյանի քաղաքականության արդյունքն են։

«Այն, որ Ալիևը խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին, կապված է նրա հետ, որ նա հասկացել է՝ Հայաստանի ներկայիս ղեկավար Փաշինյանի քաղաքականությունը արևմտամետ է և այս պայմաններում, եթե ՌԴ-ն մտնի Ադրբեջան-Հայաստան հակամարտության մեջ Հայաստանի կողմից, ապա դա կանի շատ սահմանափակ ձևով։ Որովհետև այն գիծը, որը վարում է Փաշինյանը, չի կարելի անվանել ՌԴ-ի հանդեպ բարեկամական։ Այս պայմաններում Ադրբեջանն իրեն վստահ է զգում և սկսում է ցույց տալ ու հայտարարել իր հավակնությունները, իր շահերը նոր տարածքների, այդ թվում՝ Հայաստանի մաս կազմող տարածքների նկատմամբ: Եվ սա Փաշինյանի քաղաքականության արդյունքն է։ Եթե չհանձնեին Լեռնային Ղարաբաղը, ապա ադրբեջանական ղեկավարության մոտ նման մտքեր չէին առաջանա», — եզրափակել է Սիվկովը։

Alpha News