Վալենտինա Մատվիենկոն Ծիծեռնակաբերդում ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հիշատակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ դրեց ու ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

 

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահին այստեղ ևս, ինչպես Հաղթանակի զբոսայգում, ուղեկցում էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ուղեկիցների թվում էր նաև ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Երևանի Հաղթանակի զբոսայգի, որտեղ ծաղկեպսակ և ծաղիկներ է դրել Անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին:

Վալենտինա Մատվիենկոն Երևան է ժամանել երեկ: Նրան օդանավակայանում դիմավորել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը:

Այցի շրջանակներում տեղի կունենան Մատվիենկոյի և Սիմոնյանի բանակցությունները: Նրանք կբացեն Ռուսաստանի խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը, որի խորագիրն է «Մեծ հաղթանակի 80-ամյակը. միասնություն պատմական հիշողության պաշտպանության գործում ապագա սերունդների համար»:

Դաշնային խորհրդի նախագահը կմասնակցի Ռուս-հայկական 10-րդ միջտարածաշրջանային համաժողովին։

Դաշնային խորհրդի պատվիրակության կազմում են Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը, Պաշտպանության կոմիտեի նախագահ Վլադիմիր Բուլավինը, Միջազգային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, Սոցիալական կոմիտեի ղեկավարի տեղակալ Յուլյա Լազուտկինան, Տարածաշրջանային կոմիտեի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ուսը, Միջազգային կոմիտեի անդամ Ալեքսանդր Կարելինը և Սոցիալական կոմիտեի անդամ Անդրեյ Չեռնիշևը։

Sputnik Արմենիա