Թրամփը կարող էր մեկ օրում ավելի քան 1 մլրդ դոլար կորցնել Մասկի հետ վեճի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր մեկ օրում ավելի քան 1 մլրդ դոլար կորցնել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի հետ վեճի պատճառով, հաղորդում է Axios պորտալը։

«Երեկ նախագահ Թրամփի և Իլոն Մասկի հարաբերությունների սրումը երկուսի վրա էլ ծանր է նստել... Trump Media and Technology Group-ում (բաժնետոմսերի արժեքի – խմբ.) 8%-ի անկումը նախագահի վրա արժեցել է մոտ 202 մլն դոլար։ Թրամփի համար ավելի լուրջ հարված էր նրա TRUMP մեմքոյնի անկումը շուրջ 10%-ով, ինչը կարող էր նրան արժենալ մոտ 900 մլն դոլար», – ասվում է հաղորդագրության մեջ։

Bloomberg գործակալությունը հունիսի 6-ին հայտնել էր, որ Մասկը Թրամփի հետ վեճի հետևանքով մեկ օրում գրեթե 34 մլրդ դոլար է կորցրել։

Հինգշաբթի Մասկի և Թրամփի միջև հրապարակային վեճ է տեղի ունեցել դաշնային ծախսերի կրճատման մասին ԱՄՆ նախագահի առաջարկած լայնածավալ նախագծի պատճառով, որը Մասկն անվանել է «զզվելի»։

Ձեռնարկատերը նաև կոչ է արել «սպանել օրինագիծը»։ Ի պատասխան Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Մասկից, քանի որ «շատ բան է արել նրա համար»։ Այնուհետև Մասկը կարծիք է հայտնել, որ հենց իր շնորհիվ է Թրամփը նախագահ դարձել, իսկ հանրապետականները վերահսկողություն ձեռք բերել Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ։

Մասկը մի քանի կոշտ գրառումներ է արել և ամփոփել հայտարարությամբ` նշելով, որ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և իշխանությունը փոխանցի Ջեյ Դի Վենսին։

Նախագահի հետ տեղի ունեցած վեճից հետո Մասկի Tesla ընկերության բաժնետոմսերի գները հինգշաբթի Ուոլ Սթրիթում աճուրդի բացման ժամանակ ընկան գրեթե 14%-ով։

Sputnik Արմենիա