ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև «ճգնաժամ չկա»․ Մատվիենկոն Փաշինյանի հետ զրույցը կառուցողական է անվանել

Ռուսաստանի և Հայաստանի միջև վստահության ճգնաժամ չկա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Ես շատ երկար հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետի հետ, շատ բովանդակալից, կառուցողական և շատ ընկերական զրույց էր։ Երբ ասում են, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև վստահության ճգնաժամ է, ես նման զգացողություն չունեմ, ընդհակառակը, ինչպես մենք՝ Հայաստանն էլ ցույց տվեց իր շահագրգռվածությունը ընդլայնելու մեր երկկողմ համագործակցությունը», - ասել է նա։

Մատվիենկոն նշել է, որ Փաշինյանը ողջույններ է փոխանցել Պուտինին և ասել է, որ ինքը և Պուտինը միշտ ունեցել են և կունենան կառուցողական բովանդակային հարաբերություններ։ Ըստ Մատվիենկոյի՝ ռուսական ընկերությունների թիվը, որոնք շահագրգռված են աշխատել հայկական շուկայում, աճում է։ Արդեն կա ավելի քան 40 ընկերություն ռուսական կապիտալի մասնակցությամբ։

«Սա ընդգծում է երկկողմ հարաբերությունների վերլուծության և դրանց հետագա խթանման մեր հետաքրքրությունը։ և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը շահագրգռված են միջտարածաշրջանային համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ», - ասել է նա։

Ռուս մեծ պոետ Պուշկինի ծննդյան օրվա առիթով Մատվիենկոն ՀՀ պաշտոնյաների հետ քննարկել է նաև ռուսական գրականության և ռուսերեն լեզվի հարցը Հայաստանում։ Նա նշել է, որ Հայաստանում ռուսաց լեզուն հարգված է, բնակչության մեծ մասը խոսում է ռուսերեն, չկա խտրականություն, կան ռուսական դասարաններ, ռուսական դպրոցներ։

«Ունենք ռուսերեն դասագրքերի հատուկ աշխատանքային խումբ և շատ ավելին։ Ռուսաց լեզվի միջազգային կազմակերպությունը, որը ստեղծվել է Ղազախստանի նախագահի նախաձեռնությամբ և ԱՊՀ երկրների ղեկավարների աջակցությամբ, ակտիվորեն առաջ է տանում այս նախագիծը։ Վեց պետություն արդեն դարձել է այս կազմակերպության անդամ, Հայաստանը պայմանագիրը դեռ չի վավերացրել։ ՀՀ վարչապետը խոստացավ հրաման տալ, դիտարկել այս հարցը, թափ հաղորդել դրան»։

Մատվիենկոն հայտնեց նաև, որ հոկտեմբերին Ռուսաստանում կանցկացվեն Հայկական մշակույթի լայնածավալ օրեր, և Մոսկվան նախատեսում է, որ դրանք անցկացվեն բարձր մակարդակով, արժանի ներկայացվածությամբ։

Sputnik Արմենիա