Պատգամավորն Էջմիածնում տեղի ունեցած սպանության թեմայով «անհարմար» հարցեր տվեց ՔԿ նախագահին
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը խորհրդարանում բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին հարցրեց ապրիլին Էջմիածնի 22-ամյա բնակչի դաժան սպանության մասին՝ նրան մի քանի «անհարմար» հարցեր տալով քննիչների աշխատանքի որակի վերաբերյալ:
Ինչպես նշեց Խամոյանը, տղային ծեծելով սպանած անձանց գտնելու ու պատասխանատվության ենթարկելու փոխարեն քննիչները հարցաքննության են կանչել նրա հարազատներին և քրեական գործի հետ կապ չունեցող հարցեր տվել։
«Երբ այս տղան 13 օր գտնվել է կոմայի մեջ, ձեր քննիչները տղայի ընտանիքի անդամներին ընտանեկան դրության մասին են հարցեր տվել և ասել` դուք չգիտեք` ովքեր են էսինչի տղաները, որ ծեծել են ձեր տղային»,– ասաց պատգամավորը` ակնարկելով, որ քննիչները փորձում են կոծկել գործը։
Պողոսյանը հայտարարեց, որ օրենքով քննիչներից պահանջվում է պարզել յուրաքանչյուր հանցանքի շարժառիթը, անձանց միջև փոխհարաբերությունները։ ՔԿ նախագահի խոսքով՝ գործով կան կոնկրետ կարգավիճակ ունեցող կասկածյալներ, միաժամանակ նա չպարզաբանեց, թե խոսքն ինչ կարգավիճակի մասին է։
Ըստ որոշ տեղեկությունների՝ 22-ամյա Պարգև Հակոբյանին դաժան ծեծի են ենթարկել «Գոճի» մականունով քրեական հեղինակության որդիները: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 22-ին։ ԶԼՄ–ները գրում են, որ Պարգևը մեքենայով անցել է ջրափոսով, ինչի հետևանքով ջուր է լցվել կողքին կանգնած մեքենայի վրա, որի պատուհանը բաց է եղել։ Վեճը ծագել է այդ պատճառով։
Sputnik Արմենիա